Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը քանդվել է: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը` ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման երկու դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը բոլոր վարչական շրջաններում:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է երեք վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չորս լքյալ կրպակ: Ոչ գոհացուցիչ գնահատելով արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ առավել խիստ և հետևողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:
«Փորձեք երեկոյան ժամերին և հանգստյան օրերին շրջել քաղաքում և կհամոզվեք, որ այստեղ ձեր կողմից հնչեցված թվերը պարզապես ձևական բնույթ են կրում: Նման պատկերն ուղղակի անընդունելի է: Վերանայեք ձեր աշխատաոճն ու հետևություններ կատարեք: Եթե պատկերը շարունակի մնալ նույնը, ապա վարչական շրջանի համապատասխան բաժնի պատասխանատուները, ընդհուպ մինչև վարչական շրջանների ղեկավարների տվյալ բաժինների աշխատանքները համակարգող տեղակալները կենթարկվեն օրենքով սահմանված տույժերի», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելուն: Ըստ այդմ՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առևտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին: Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ և զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 35 դեպքի մասով: Զեկուցվել է նաև, որ նշված ժամանակահատվածում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ աղբամանները քաղաքացիների տեղաշարժին չխոչընդոտող վայրերում տեղադրելու ուղղությամբ: 12 հասցեներում իրականացվել են տեղափոխման աշխատանքներ: «Սանիթեք» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է շարունակել մշտական շրջայցերն ու տեղերում արագ լուծում տալ վերոնշյալ խնդրին: