ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2016 թվականի նոյեմբերի 4-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 տղամարդ, որոնցից մեկը՝ ԻԻՀ քաղաքացի, 2-ը՝ հայ, Գյումրու բնակիչ:
ԻԻՀ քաղաքացու մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «B2» գրառմամբ դեղահաբեր և շագանակագույն երկու զանգված՝ ընդհանուրը 1004 գրամ քաշով, իսկ Գյումրու բնակիչներից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիմերային տարա, որի մեջ առկա է եղել մածուցիկ սև գույնի 597 գրամ քաշով մածուցիկ զանգված։ Նշված երկու անձանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է թմրամիջոց։
Քննությամբ պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել «B2» գրառմամբ դեղահաբեր և առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի մի մասն իրացրել է Գյումրի քաղաքի բնակչին։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է` առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, իսկ Գյումրու բնակիչը՝ ապօրինի ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին