Այս ընտրությունները բախտորոշ են ոչ միայն աշխարհի, այլև` հենց ԱՄՆ-ի համար. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ, ինչպես նաև կազմվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը՝ 435 անդամով, ընտրվելու են Սենատի մեկ երրորդը, 12 նահանգի կառավարիչներ, բազմաթիվ քաղաքապետներ, նահանգային խորհրդարանների պատգամավորներ, տեղական ավագանու անդամներ և այլն:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպես գիտեք, վաղն ԱՄՆ-ում ընտրություններ են տեղի ունենալու: Ըստ Ձեզ ո՞վ կհաղթի ընտրապայքարում, ով ավելի մեծ շանսեր ունի:

-Առավել մեծ շանսեր ունի Հիլարի Քլինթոնը: Դա պայմանավորված չէ նրա վարկանիշով, այլ այն արշավով և ռեսուրսներով, որոնց տիրապետում է այդ թեկնածուն: Քլինթոնին են սատարում ինչպես դեմոկրատական, այնպես էլ` առաջին հայացքից ոչ տրամաբանորեն` հանրապետական վերնախավը: Իսկ Նահանգներում իսթեբլիշմենթի սիրեցյալ լինելը շատ բան է որոշում:

 Ձեր կարծիքով,  ո՞ր թեկնածուի դեպքում ավելի լավ կլինի այնտեղ ապրող հայերի համար և հակառակը` այստեղ՝ մեզ համար:

-Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի բնակչությունը` լեգալ իմիգրանտներ կամ քաղաքացիներ` որևէ խտրականության ենթակա չեն: Այն ինչ առնչվելու է մնացյալ էթնիկ խմբերի ամերիկացիներին` առնչվելու է և հայազգի ամերիկացիներին կամ ամերիկաբնակներին: Այս պատճառով էլ` ես չէի տարանջատի ԱՄՆ հայերին` մնացյալ ամերիկացիներից: Այս ընտրությունները մեծապես բախտորոշ են ոչ միայն աշխարհի, այլև` հենց ԱՄՆ-ի համար:

Ակնհայտ է, որ երկու թեկնածուները խիստ հակադիր դիրքորոշում ունեն գրեթե բոլոր հարցերում: Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, ապա երկուսն էլ ունեն հենց Ամերիկայի համար դրական և ոչ շատ դրական մոտեցումներ: Դրանք իմիգրացիայի, օբամաքեյրի` առողջապահական նոր համակարգի և նաև արտաքին քաղաքական ոլորտներից են: Հայկական տեսանկյունից կարևոր են Թուրքիայի հանդեպ ունեցած մոտեցումները:

Այս առումով ակնհայտ է, որ Քլինթոնը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առավել սերտ համագործակցության կողմնակից է, իսկ Թրամփը` բազմիցս հայտարարել է, որ «իրենց լավ չպահող դաշնակիցների հանդեպ վերաբերմունքն անհրաժեշտ է վերանայել»: Ենթադրվում է, որ այդ դաշնակիցների թվում է նաև Թուրքիան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս