Կարեն Կարապետյանի աչքից վրիպե՞լ է ԴԱՀԿ պետի «պրիմիտիվ գողությունը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պրիմիտիվ գողության» դեմ պայքար սկսած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աչքից, կարծես թե, վրիպել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, մասնավորապես ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Սա այն կառույցն է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացու հետ: Եւ հաշվի առնելով ԴԱՀԿ-փաստաբաններ գործնական հարաբերությունները՝ կարելի է ենթադրել, թե փաստաբանների միջոցով ինչ գործառույթներ են հնարավոր իրականացնել, եւ ինչու է գլխավոր հարկադիր կատարողը փաստաբաններ Արամ Կարախանյանին եւ Վահագն Դալլաքյանին նշանակել խորհրդական, ովքեր համատեղում են աշխատանքը փաստաբանական պալատում իրենց գործունեության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հարազատ քեռուն նշանակել է ԴԱՀԿ-ի պարետ, ով համատեղության կարգով նաեւ իր ընտանեկան վարորդն է:

Փորձեցինք ԴԱՀԿ-ում առկա իրավիճակի մասին մենաբանություն ստանալ լրատվական ծառայությունից, սակայն որեւէ մեկին գտնել չհաջողվեց: Կապ հաստատեցինք խորհրդական Վահագն Դալլաքյանի հետ, ով ասաց, որ ԴԱՀԿ պետի անձնական հարցերին չի կարող պատասխանել, ինքը իրավական հարցերով խորհրդական է:

Ի՞նչ է ստացվում. մի կողմից մենք խոսում ենք, որ անհրաժեշտ է դպրոցներում ծանոթ-բարեկամ մեխանիզմը քանդել, մյուս կողմից այլ համակարգերում այդ մեխանիզմը «ծաղկում» է: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը լեյտենանտից միանգամից արդարադատության փոխգնդապետ դարձավ, որպեսզի սահուն անցում կատարի ԴԱՀԿ պետի հիմնական աշխատանքին, սակայն «ԴԱՀԿ ծառայության կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել նա, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»: Հետաքրքիր է` ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյանը ինչպես է բացատրում իրավիճակը. արդյո՞ք այս ամենը համակարգում ծաղկող կոռուպցիայի դրսեւորումներ չեն:




Լրահոս