ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 7-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ:
ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջն է ներկայացրել մեր հանրապետությունում հաջողությամբ իրականացված դաբաղի անասնահամաճարակային միջոցառումները և դիմել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությանը՝ հիվանդության հնարավոր ներթափանցումը ՌԴ կանխելու նպատակով 20.01.2016-ից կիրառվող որոշ ապրանքատեսակների արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերացնելու առաջարկով: ՌԴ արտահանման ժամանակավոր սահմանափակումը վերաբերում է դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիներին, դրանցից ստացված մսին և կենդանական ծագման հումքին:
Երկու երկրների ծառայությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ և ՌԴ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների («Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի) հզորացման ու վերազինման աշխատանքների ընթացքը՝ ուղղված Հայաստանում կենսաբանական անվտանգության և սննդամթերքի անվտանգության ապահովության նոր մակարդակին: