Ազգային պահպանողականությունն է լինելու բարեփոխումների գաղափարական հիմքը. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ազգային պահպանողական գաղափարախոսության առանձնահատկությունները» թեմայով:

Դասախոսության ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ազգային գաղափարախոսության եւ պահպանողականության պատմական եւ արժեքային դրույթներն աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում՝ կարեւորելով ազգային պահպանողական արժեքների տարածումը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդության շրջանում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ազգային պահպանողականությունը ոչ թե հին, այլ մնայուն եւ հավիտենական արժեքներին հավատարմությունն է:
«Քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ազգային պահպանողականությունը մեր օրերում էլ շարունակում է մնալ աշխարհում ամենակենսունակ գաղափարախոսություններից մեկը: Այն մրցունակ է նաեւ այսօր մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Մենք պետք է ոչ թե հեղափոխության, այլ լայնամասշտաբ բարեփոխումների միջոցով փորձենք հասնել առաջընթացի հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Եվ ազգային պահպանողականությունն է լինելու այդ բարեփոխումների գաղափարական հիմքը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Դասախոսության ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ունկնդիրների հարցերին:




Լրահոս