Որոշում է կայացվել 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված հողը չտեղափոխել Հրազդան քաղաքում նախատեսված պահեստարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեների նիստ: Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև խնդրի վերաբերյալ բարձրաձայնած հասարակական կազմակերպությունների և Հրազդան քաղաքի հանրության ներկայացուցիչներ:

Բացելով նիստը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունների հետ տեղի ունեցած նախորդ` հոկտեմբերի 11-ի քննարկման ժամանակ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, որոնք կարիք ունենին վավերացման ծրագրի ղեկավար խորհրդի կողմից: Այս նպատակով արտահերթ կարգով նիստի օրակարգ է ընդգրկվել հասարակական կազմակերպությունների կողմից նախորդ քննարկումների ժամանակ բարձրացված խնդիրը, որն առնչվում էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված հողի` Հրազդան քաղաքում նախատեսվող համապատասխան պահեստարան չտեղափոխելու հարցը:
Ծրագրի ղեկավար խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել չտեղափոխել 7100 տոննա աղտոտված հողը, այլ վնասազերծել տեղում:

Նիստին հրավիրված «Հրազդանի մտավորականներ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Գաբրիելյանը, ձայն խնդրելով, տեղեկացրել է, որ համայնքում քննարկել են ծրագրի նախնական հայտը: Ըստ բանախոսի, Հրազդան քաղաքի հանրությունը մտահոգություն է հայտնել ծրագրի հնարավոր ռիսկերի վերաբերյալ և թվարկել դրանք: Նույն մտահոգությունն էին հայտնել նաև նիստին ներկա «Civil Voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը և կառավարման խորհրդի անդամները, անդրադառնալով հնչած մտահոգություններին, շեշտել են, որ ծրագիրը դեռ մեկնարկային փուլում է և բուն ծրագրում առկա է հետազոտական մեծ բաղադրիչ, որի շրջանակում պատասխան կտրվեն բոլոր հարցերին, իսկ ծրագրի նախագիծը օրենքով սահմանված կարգով կանցնի հանրային քննարկման բոլոր փուլերով:
Օրակարգային մյուս հարցերի շրջանակներում Ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեների անդամները քննարկել են Հրազդան քաղաքի հարևանությամբ վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված հարցեր:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն




Լրահոս