Սյունիքի մարզի Կապան քաղաքում 8 համարի երթուղայինի տոմսի արժեքը նոյեմբերի 1-ից թանկացել է 40 տոկոսով՝ 50 դրամից դառնալով 70:
Կապանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության անդամ Նարեկ Բաբայանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս հանգամանքը կապանցիների մոտ զայրույթ է առաջացրել:
«Մենք մեր սեփական մեքենաներով ժողովրդին Շինարարների թաղամասից տեղափոխում ենք քաղաքի կենտրոն ու քաղաքի կենտրոնից Շինարարների թաղամաս: Դրանով փորձում ենք սեփականտիրոջը զրկել, գոնե 50 դրամի եկամուտից»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ կազմակերպվել է նաև ստորագրահավաք, որին մասնակցել է 5 հարյուր հոգի: Բաբայանը նաև հայտնեց, որ այս հարցը ներկայացնելու են ավագանուն, քանի որ 430 ստորագրությունը հերիք է այն օրակարգում ընդգրկելու համար: Բացի այս նրանք այսօր գրավոր դիմումներով դիմել են մարզպետին ու քաղաքապետին, իսկ երեկ բաց տեքստով վարչապետին ու տրանսպորտի նախարարին:
«Սպասարկող կազմակերպությունը մի ուրիշ պատճառ է նշում՝ քաղաքապետարանն էլ մի ուրիշ: Քաղաքապետի հետ, խումբ կազմեցինք, հանդիպեցինք: Նա ասաց, որ արդարացնում է այդ թանկացումը և բոլորին կարող եք իմ դիրքորոշումը ասել»,-հավելեց նա:
Նարեկ Բաբայանը նաև նշեց, որ ակցիաներ լինելու են այնքան ժամանակ, մինչև երթուղայինի տոմսի արժեքը դառնա 50 դրամ:
Նշենք, որ Կապան քաղաքի 8 համարի երթուղայինը սպասարկում է «Լավ ընկեր» ՍՊԸ-ն: