Պատգամավորների աշխատավարձերից 14 մլն դրամ է պահվել. բացակայելու հետևանքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի նորարարությունները խորհրդարանում շարունակվում են: Եւ դրանք հարուցել են ինչպես օրենսդիրների, այնպես էլ աշխատակազմի զայրույթը:

Եվ այսպես, արձանագրենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովին վերաբերում է որպես հիմնարկի եւ հայրենի օրենսդիրների աշխատավարձերից սկսել է որոշակի պահումներ իրականացնել: Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ԱԺ նստաշրջանի նիստերին չներկայանալու համար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը աշխատավարձ չի ստանա, իսկ, ահա, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելել էր. «Բոլոր այն պատգամավորները, որոնք անհարգելի չեն գալիս աշխատանքի, նրանց բոլորի աշխատավարձերից պահումներ են լինում»:

«Ներվում են» միայն այն օրենսդիրները, որոնք ներկայացնում են գործուղման ուղեգիր, բժշկի տեղեկանք՝ հիվանդության մասին, կամ այլ խելամիտ հիմնավորում, թե ում հուղարկավորության կամ ազգի փրկության ծրագրի մասնակցության առիթով է եղել բացակայությունը: Հիմնավորումները քննարկվում են եւ որոշվում՝ ինչպես, ինչքան պահել պատգամավորի աշխատավարձից:

Տեղեկացնենք, որ ԱԺ շարքային պատգամավորը ստանում է ամսական մոտ 590 հազար դրամ աշխատավարձ, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ մոտ 650 հազար դրամ:

Իսկ ովքեր են առավել շատ բացակայել Աժ 5-րդ գումարման աշնանային 10-րդ նստաշրջանի աշխատանքներից: Նշենք, որ ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Արթուր Գեւորգյանը եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի աշխատավարձից ընդհանուր հաշվով մոտ 1 միլիոն 200 հազար դրամի պահումներ են արվել: Բանն այն է, որ ամիսներ շարունակ Գեւորգյանը ԱՄՆ-ում էր բնակվում, ԱԺ չէր հաճախում:
Մոտ 120 հազար դրամի չափով պահվել է նաեւ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի աշխատավարձից: Օրենսդիրը մեզ հետ զրույցում ասաց. «Նորմալ եմ վերաբերում այս ամենին: Եղել է, որ հիմնավորումներ ներկայացրել եմ, որ, օրինակ, առողջականի հետ կապված երկու անգամ դեպք է եղել, որ անպայման հանրապետությունից դուրս գնայի, եղել է նաեւ՝ իմ անձնական գործով եմ գնացել եւ բացակա եմ ստացել…»:

Մանրամասները` տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս