Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին:
Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին մեր երկրում և ընդգծել, որ ՀՀ Նախագահի մրցանակը, որին արժանացել է պարոն Պուզենը, հայ ժողովրդի խտացված երախտագիտությունն ու հիացմունքն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխարհն առաջ են տանում և ում տաղանդի շնորհիվ Արևմուտքը ստացավ տեխնոլոգիական առավելություն Արևելքի նկատմամբ ընդամենը 500 տարիների ընթացքում: «Այս մրցանակը մեկ այլ նպատակ էլ ունի՝ մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել ա՛յն մարդկանց և ա՛յն գործերի վրա, որոնք հաջողված են, որպեսզի այդ ամենը նրանց համար ուղենիշ լինի: Ուզում ենք նրանց ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարելի է դառնալ և՛ աշխարհահռչակ, և՛ ունենալ բարեկեցիկ կյանք, և՛ հարգանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Լուի Պուզենը նշել է, որ իր ամբողջ կյանքում մշտապես հաճույքով է աշխատել և շփվել այն մարդկանց հետ, ովքեր վճռական են տրամադրված իրենց քայլերում: «Վստահ եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ այդպիսի մարդիկ, ում հետ կարելի է աշխատել և ծրագրեր իրականացնել: Իմ նպատակն է նրանց հետ մշտապես պահել կապը և այդ կապի միջոցով միգուցե նաև նոր ծրագրեր մշակել ու աշխատանքներ իրականացնել»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Լուի Պուզենը:
Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Այն յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ: Հատուկ ծրարը, որը պատրաստվել է 500 հատ տպաքանակով, մարվել է հատուկ դրոշմակնիքով: Ծրարին պատկերված են 2016 թվականին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը՝ Լուի Պուզենը, ինչպես նաև՝ նախորդ տարիների վեց մրցանակակիրները:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման առիթով, ի պատիվ պարոն Լուի Պուզենի և տիկին Շանթալ Լեբրյումանի, Նախագահի նստավայրում երեկոյան նաև կկազմակերպվի ընդունելություն:
***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ
Լուի Պուզենը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի յոթերորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, հինգերորդը՝ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, վեցերորդը՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: