Արցախում մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ից 8-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի եւ մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ «Զորամասերի դուրս բերումը մարտական կիրառման շրջաններ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում. վերախմբավորման իրականացում. պաշտպանական մարտի վարում. մխրճված հակառակորդի ջախջախում եւ առաջնագծի վերականգնում. դիրքերի բարելավման նպատակով հարձակողական մարտի վարում եւ նպաստավոր դիրքերի զբաղեցում» թեմայով անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:

Նոյեմբերի 8-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետեւել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, հանրապետության ռազմաքաղաքաղական ղեկավարության ներկայացուցիչներ:

Զորավարժությունը, որը նպատակ ուներ կատարելագործելու կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների ունակությունները պաշտպանական մարտում ենթակա եւ տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում մարզել ներգրավված զորամասերի շտաբները, բարձրացնել պաշտպանական մարտի ժամանակ հրամանատարների որոշումներ ընդունելու, խնդիրներ առաջադրելու, ստորաբաժանումների ղեկավարման ու կրակի կառավարման գործնական ունակությունները, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում մարտական խնդիրների կատարման ընթացքում հասնել գումարտակների, վաշտերի, դասակների եւ ջոկերի ներդաշնակ գործողությունների, ինչպես նաեւ անձնակազմի մոտ զարգացնել դիմացկունություն եւ մարտական խնդիրների կատարման համար բարոյամարտական ու կամային բարձր որակներ, անցել է ըստ նախատեսված պլանի, իսկ մասնակից անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն:

Զորախաղերի ընթացքում, տեղական հավատարմագրված մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար, պաշտպանության բանակում առաջին անգամ խաղարկվել է մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում լրագրողական գործունեություն իրականացնելու կարգը:

Զորավարժության ավարտին աչքի ընկած մի շարք զինծառայողներ հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:




Լրահոս