
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:
«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝ ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ: