«ՕԼԵ» ակումբի տնօրենին սպանելու գործով հետախուզվում է 24-ամյա երիտասարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Աբովյան քաղաքի 24-ամյա բնակչի նկատմամբ։

2016թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու Մ.Գրիգորյանի դանակահարության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը Մ.Գրիգորյանին պատճառվել է Աբովյան քաղաքում գործող «ՕԼԵ» ակումբի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Տուժողը հանդիսացել է նշված ակումբի տնօրենը։

Պարզվել է նաև շարժառիթը, դրդապատճառը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի 24-ամյա բնակիչ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 2-ին քննիչը հետախուզում է հայտարարել 24-ամյա երիտասարդի նկատմամբ և նրան ՀՀ քրեական օրենգրսքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացրել։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նոյեմբերի 8-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկացվել է, որ տուժողը՝ Մամիկոն Գրիգորյանը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, մահացել է՝ առանց գիտակցության գալու։

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս