Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ նախագահական մրցավազքում: Սա բավականին անսպասելի հաղթանակ էր շատերի համար:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ, ով անցած մեր հարցազրույցում նշել էր, որ Հիլարի Քլինթոնի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է, քան Թրամփինը:
«Ակնհայտորեն այսպես ստացվեց, քանի որ ընտրողների մեծամասնությունը անկեղծ չէր հարցումների ժամանակ, որովհետև Թրամփի օգտին քվեարկելու հետ կապված լուրջ ստիգմա կար, և մարդիկ վախենում էին խոստովանել, որ պատրաստվում են քվեարկել Թրամփի օգտին»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ երբ ընտրախցում մնացին միայնակ իրենց քվեի հետ կատարեցին իրենց ընտրությունը: Եվ փաստորեն, տիրում էր այդպես քաղաքականապես կոռեկտ մի խաբկանք, որ Թրամփը այնքան էլ պոպուլյար չէ և ամերիկացիների մեծամասնությունը չի ընտրի նրան:
Հայկ Մարտիրոսյանի խորին համոզմամբ՝ սա մեծագույն անակնկալ էր հենց իր` Թրամփի համար. « Իսկ ինչ վերաբերում էր Հայաստանի հետ խնդրին, ապա չգիտեմ, տեսնենք, թե ինչպիսին կլինի Թրամփի նախագահությունը Հայաստանի համար, բայց հստակ կարելի է վերապահորեն պնդել, որ Հիլարի Քլինթոնն ընտրվեց կործանարար նախագահ»:
Նրա հավելմամբ՝ սա այն պարագան է, որտեղ «Անփորձ մածունը փորձված թանից վատ է , որովհետև փորձված թանն ակնհայտորեն խիստ թթված էր»: Թրամփն ունի մեկ առավելություն, քանի որ նա բավական անկախ է հանդես եկել, իր քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորել է անձամբ: Եվ որոշակիորեն կոնֆլիկտ ունի Հանրապետական կուսակցության ներսում, որը նշանակում է, որ լինելով Հանրապետականների թեկնածու, այնուամենայնիվ Հանրապետականների բոլոր ճնշումներին չէ, որ նա ենթարկվելու է: Իսկ դա արդեն լավ հանգամանք է:
«Ցավոք սրտի այս ընտրությունների արդյունքում ամենամեծ մեղավորները հենց իրենք՝ դեմոկրատներն են, որոնք իրենց լավագույն թեկնածուին դուրս թողեցին ընտրապայքարից անազնիվ կերպով և ամեն կերպ բոլոր ռեսուրսները նետեցին խիստ վարկաբեկված և աննախադեպ սկանադալների մեջ ներքաշված մի անձի, որը հույս ունեին՝ հսկայական վարչական մեքենայով կկարողանան անցկացնել: Սակայն, դեմոկրատները, որոնք շատ ավելի կառուցողական են, քան հանրապետականները, գործեցին մեծագույն սխալ դրանով և հուսով եմ, որ հաջորդ անգամ դասեր կքաղեն»,- եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան