Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Երևան քաղաքի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում շնորհավորելով համայնքային երկու թանգարանների բոլոր աշխատակիցներին ու դրանց կայացման գործին իրենց անուրանալի ավանդն ունեցած նվիրյալներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է մշակութային այս օջախների դերն ու նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության գործում:
Երևան քաղաքի պատմության և Կարեն Դեմիրճյանի թանգարանների տնօրեններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար՝ նկատել են, որ վերջին տարիներին թանգարանների զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետի հետևողական քաղաքականությունն իսկապես սպասված էր ու կարևոր:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են երկու թանգարանների ստեղծման և գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, որոնք նաև յուրօրինակ հաշվետվություն էին՝ տարիների կատարած աշխատանքի: Այնուհետ տեղի է ունեցել նաև «Երևան 4» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Հանդիսավոր արարողության շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուն համալրելու գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել մշակութաբան Ավո Հովհաննիսյանը և Արմեն Համազասպյանը:

Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևան քաղաքի պատմության թանգարանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով, որն իր տեղը կգտնի թանգարանում՝ դառնալով 96700-րդ ցուցանմուշը։

Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետը խորհրդանշական հուշանվեր է հանձնել Կարեն Դեմիրճյան հիմնադրամի նախագահ Ռիմա Դեմիրճյանին:

Առանձնակի կարևորելով հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների անցկացումը` Ռիմա Դեմիրճյանն իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ թանգարանի զարգացման ու կայացման գործում ներդրած ջանքերի համար, նկատելով, որ վերջին տարիներին մայրաքաղաքի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետի հետևողական քաղաքականությունն իսկապես գնահատանքի է արժանի:




Լրահոս