Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի. Գառնիկ Իսագուլյանը` սահմանում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 6-ին «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում պահեստազորի սպաների համահայկական միության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության պետ Վարդան Ավետիսյանի հայտարարությանը, ըստ որի կամավորական ուժերը պետք է համախմբվեն, որովհետեւ հակառակորդը լուրջ զորավարժություններ է անցկացնում:

-Շատ հստակ վերապահությամբ, քանզի պարոն Վարդան Ավետիսյանը հայտարարությունն անելիս զուտ հասարակական կազմակերպության ղեկավար չէր և նման հայտարարությունը պետք է համաձայնեցրած լիներ ՊՆ ղեկավարության հետ, որն, ինչպես հետո պարզվեց, տեղի չէր ունեցել: Միաժամանակ հարկ է նշել, որ հայտարարությունը պարունակում էր որոշակի խուճապային տրամադրություն, որը, ըստ իս, անթույլատրելի է: Զորավարժություններ անցկացվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Կոնկրետ այս օրերին անցկացվում են գնդային մարտավարական զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ տարբեր զորամիավորումներ, վերջիններս պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում կատարում են վերախմբավորում և, մխրճված հակառակորդին ջախջախելով, վերականգնում առաջնային գիծը և անցնում հարձակման՝ զբաղեցնելով նպաստավոր բնագիծ:

Ընդ որում, զորավարժությունների ժամանակ ելույթ ունենալով բարձրաստիճան սպայական կազմի և զորավարժության մասնակիցների առջև՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հստակ մատնանշեց, որ «Մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը պետք է զգա մեր ուժը, պետք է իմանա, որ իր ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ առաջին հերթին իր պետության ու ժողովրդի համար»:

-Ի՞նչ եք կարծում արդյոք պատրաստ են մեր զինվորները ռազմական գործողության:

-Ձեր հարցի պատասխանն արդեն մասամբ առկա է նախորդ հարցի պատասխանի մեջ: Ավելացնեմ միայն, որ վերջին շրջանում կատարվել են բավականին լուրջ աշխատանքներ մեր բանակի հզորությունն ու մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, և դա այն երաշխիքն է, որ հակառակորդն երբեք չի համարձակվի գնալ իր համար անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրության:

-Ապրիլյան օրերին նկատեցին, խոսեցին, սակայն մենք ունեցանք 100 զոհ: Հիմա ինչո՞վ համոզվենք, որ զգոն ենք:

-Ես այս թեմային շատ եմ անդրադարձել, չէի ուզենա մեկ անգամ ևս կրկնվել: Գլուխ եմ խոնարհում մեր հերոս զոհերի առաջ, որոնք արեցին անհնարինը: Նրանց քաջության մասին դեռ շատ կխոսվի ու կգրվի: Իհարկե, ապրիլյան քառօրյան նաև շատ բան ուսուցանեց մեզ, և դրա շնորհիվ մենք այսօր շատ ավելի ուրիշ ենք: Նրանք, ովքեր մինչ ապրիլյան դեպքերն ու ապրիլյան դեպքերից հետո եղել են առաջնագծում, այդ ամբողջական փոփոխությունները կարող են վկայել:

-Պատերազմի մտավախություն ունե՞ք , թե ոչ:

-Որպեսզի այդ մտավախությունն ընդհանրապես չլինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի: Մենք պետք է կարողանանք հասկանալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ձևավորված այն դաշտը, որտեղ մեզանից բացի իրենց շահերով առկա են նաև աշխարհի հիմնական ուժային կենտրոնները, չհաշված տարածաշրջանային պետությունները:

Շատ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, այս նրբություններն հաշվի չառնելով, հաճախ կատարում են էմոցիոնալ վերլուծություններ ու առաջարկություններ, որոնք ամենևին էլ տեղին չեն: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված դաշտն այն միջավայրն է, որում առկա Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և Ռուսաստանի Դաշնությունը միշտ կարող են, ունենալով միմյանց միջև խոր հակասություններ, համատեղ քննարկումներ անցկացնել:

Ընդ որում, այս դաշտն իրենց պետք է նաև այլ խնդիրներ լուծելու համար: Ուստի Ղարաբաղյան խնդրի ցանկացած վերջնական լուծում բացառում է այս դաշտը: Հետևաբար մեծ ու լայնածավալ պատերազմ, որը կարող է հարցի լուծումը բերել մի վիճակի, որտեղ կա հաղթող և պարտվող կողմ, այդ դաշտի համար անընդունելի է: Եզրակացությունը մեկն է՝ ստատուս քվոն պետք է պահպանվի, մնացած ամեն ինչը ծառայելու է այս խնդրին, և մենք մեր բոլոր վերլուծություններն ու հաշվարկները պետք է կատարենք ելնելով սրանից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս