Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում հաստատեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ԿԸՀ բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին Զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար ներկայացվող զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրվող ներկայացուցիչների ցուցակի էլեկտրոնային ձևը և ներկայացման կարգը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականների ձևը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին որոշման նախագծին: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է իրավակարգավորում, ըստ որի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության օրը զանգվածային լրատվության միջոցների կողմից ներկա գտնվելու և տեղամասային ընտրական հանձնաժողով մուտք գործելու համար ևս անհրաժեշտ է համապատասխան հավատարմագրում:
«Հավատարմագրման համար սահմանված են որոշակի չափանիշներ Ընտրական օրենսգրքում, որոնք դրված են քննարկվող որոշման նախագծի հիմքում: Զանգվածային լրատվության միջոցները կարող են հավատարմագրվել մինչև քվեարկությունից 15 օր առաջ: Վկայականները տրվում են դիմումները ստանալուց հետո 5 օրվա ընթացքում», նշեց Մուկուչյանը: Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, թե ինչ ձևով է ներկայացվելու ցուցակը, որովհետև յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց թողարկողի անունից միայն մեկ զանգվածային լրատվության միջոց կարող է հավատարմագրվել: Հավատագրման կարգի հետ կապված որոշ պահանջներ ամրագրվեն են Ընտրական օրենսգրքով: Ամրագրված է նաև, որ յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցի անունից սահմանված է առավելագույն թվաքանակ այն ներկայացուցիչների, ովքեր կարող են հավատարմագրվել և քվեարկության օրը տեղամասային կենտրոններում համապատասխան գործառույթներ իրականացնեն:
Եթե նախկինում ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես սեփական տարբերանշանով էին մուտք գործում տեղամասային ընտրական հանձնաժողով, ապա, նկատի ունենալով հավատարմագրման կարգը, վերջիններիս տրամադրվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ԶԼՄ ներկայացուցչի համապատասխան վկայական, ինչը նրանց իրավունք է տալու մուտք գործել տեղամասային ընտրական հանձնաժողովներ: