Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին աջակցության առաքելության առաջադրանքային խմբի ղեկավար Ռուքսանդրա Ֆլորոյունին և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպան-մասնագետ Սայմոն Փոունին:
Ողջունելով հյուրերին և արձանագրելով, որ Համաշխարհային բանկի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա` Արծվիկ Մինասյանը հայտնել է իր ղեկավարած կառույցի`ավելի լայն համագործակցության պատրաստակամության մասին: Բնապահպանության նախարարը նկատել է, որ պետության զարգացման հիմքը պետք է լինի պահպանված շրջակա միջավայրը և դրա համատեքստում Նախարարությունը ցանկանում է հանդես գալ նոր ծրագրերով և գաղափարներով, որոնք կխթանեն կանաչ տնտեսության զարգացումը:

Այն ապահովելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունը միջազգային դոնոր կազմակերպությունների տեխնիկական և ֆինանսական աջակցության կարիքն ունի և այդ նպատակով պետական լիազոր մարմնից կլինեն նրանց` այդ թվում նաև Համաշխարհային բանկին ուղղված բազմաթիվ ծրագրային առաջարկներ:

Շնորհավորելով Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ` Ռուքսանդրա Ֆլորոյունը հավաստիացրել է, որ համագործակցությունը Նախարարության հետ կշարունակվի և կքննարկվեն հայկական կողմից ուղարկված ոլորտին առնչվող բոլոր առաջարկները:
Կողմերը քննարկել են ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարման, ներառման և թափանցիկության ապահովման նպատակով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված Համաշխարհային բանկի աջակցության շրջանակներում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդունված նոր փոփոխությունների կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու հարցեր: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել օժանդակել, որպեսզի ենթաօրենսդրական ակտերը մշակվեն և ընդունվեն նախատեսված ժամկետներում, ինչն ավելի բարձր մակարդակի վրա կդնի ընդերքօգտագործման գործունեության ծավալման բնապահպանական չափանիշները:

Տիկին Ֆլորոյունի խնդրանքով նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրում բնապահպանական առաջնահերթությունները: Տեղեկացնելով բնապահպանության ոլորտի հիմնական ծրագրերի մասին` բնապահպանության նախարարը հատուկ անդրադարձել է բնապահպանական ռազմավարության մշակման անհրաժեշտությանը, որով նույն հարթության վրա կդրվեն կայուն զարգացման երեք` տնտեսական, սոցիալական և բնապահպանական սկզբունքները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա ընթացքի և նախատեսվող աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:




Լրահոս