ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։
Ամփոփելով հանդիպումը` նախարար Ալթունյանը շեշտել էր, որ այս մոտեցումները վերաբերում էին ոչ միայն տվյալ երեք դեպքին, այլև նախարարության որդեգրած դիրքորոշումն էր։ Նա ընդգծել էր, որ իրականացվող բարեփոխումները, մասնավորապես`ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը, միտված էին ինչպես բժշկական օգնության որակի բարձրացմանը, այնպես էլ` նման դեպքերի առավելագույն նվազեցման:
Այս մասով ArmLur.am-ը խոսեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հետ` հասկանալու համար, թե ինչու հենց երեք մահացած ծննդկանի հարազատներին էր ԱՆ նախարարը հրավիրել հանդիպման:
«Նրանք, որոնք առավել հնչեղություն էին ստացել, որոնցից մեկն էլ Վանաձորի դեպքն էր: Առավել հնչեղություն ուներ Մերի Մարգարյանի դեպքը, ում դատը դեռևս ընթանում է, և «Սլավմեդի» դեպքը, քանի որ այնտեղ երկու մահ էր արձանագրվել: Եվ այն դեպքերը, որոնց հարցով դատաբժշկական փորձաքննություն է դեռ ընթանում, դրանք դրա մեջ են մտնում»,-ասաց նա:
Անահիտ Հայթայանի խոսքով՝ նախարարության դռները բաց է բոլորի առաջ. «Օրինակ երբ ես գրեցի, այնտեղ մեկն անմիջապես արձագանքել էր, որ ես էլ այս ինչի քույրն եմ, կարող եմ գալ, գրեցի, իհարկե կարող եք: Իսկ փաստաբաններից մեկը գրել էր, որ դուք իրավունք չունեք քննարկելու: Ես էլ պատասխանեցի, որ սա քննարկում չէ, այլ հանդիպում է, քանի որ դատ է գնում, քննություն է»:
Իսկ թե ինչպե՞ս է անցել հանդիպումը, ի՞նչ քննարկումներ է Լևոն Ալթունյանն ունեցել մահացած ծննդկաների հարազատների հետ հարցին ի պատասխան, Անահիտ Հայթայանը հավաստիացրեց, որ հանդիպումն անցել է շատ լավ. «Իրենք բոլորը միաբերան ասացին, որ շատ գոհ են: Նախարարության գործառույթների մեջ ինչ-որ մտնում է նախարարությունն արել է լավ ձևով: Մենք էլի ասացինք, որ եկեք մասնակցեք վերլուծություններին էլ, ամեն ինչին էլ: Օրինակ՝ Մերի Մարգարյանի հայրը միշտ մասնակցել է: Նրանք հիմանական դժգոհությունն արտահայտեցին, որոնք մեր դաշտում չեն, այն է` դատաբժշկական քննությունը ձգձգվում է»:
Նրա հավելմամբ՝ մահացած ծննդկանների հարազատներն ասել են, որ գոհ ու շնորհակալ են նախարարության աշխատանքներից:
«Նախարարն էլ ասաց, որ մեր լիազորությունների շրջանակում, եթե հնարավոր է Ձեզ կաջակցենք: Ու առաջարկվեց, որ իրենք մեզ հետ համագործակցեն, շահառուների պաշտպանությունը բարձրացնելու գործում»,- եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան