Ավան վարչական շրջանի աղբահանությունն արդեն իրականացվում է «Սանիթեք» ընկերության կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը նոյեմբերի 10-ից գործունեություն է ծավալում նաև Ավան վարչական շրջանում: Նախօրեին, երեկոյան ժամերից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության հետ, Ավան վարչական շրջանում իրականացրել են նոր աղբամանների տեղադրումն՝ ըստ համապատասխան քարտեզագրման և չափումների: Առկա 250 աղբամանները փոխարինվել են 350 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրություններով պարփակված տարածքներում:

Ավան վարչական շրջանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացնելու են «Սանիթեք»-ի 45 աշխատակիցներ: Գործընթացը պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը 18 նոր մեքենասարքավորումներով է համալրել իր տեխնիկական կազմը: Վարչական շրջանի փողոցներում ու բակերում աղբահանությունը կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով, իսկ բարձրահարկ շենքերի 293 աղբատար խողովակներից` ոչ ուշ, քան երկու օրը մեկ պարբերականությամբ, ինչպես մայրաքաղաքի մյուս 11 վարչական շրջաններում: Մասնագիտացված մեքենասարքավորումներով պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում:

Այսպիսով, «Սանիթեքն» այժմ արդեն մասնագիտական աշխատանքներ է ծավալում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում: Այս կերպ ավարտվում է մայրաքաղաքի սանմաքրման և աղբահանության հիմնահարցի կարգավորման առաջին փուլը:
Հիշեցնենք, որ աղբահանության պատշաճ կազմակերպումը տարիներ շարունակ մայրաքաղաքի կարևորագույն հիմնահարցերից էր, որի կարգավորումը եղել է Երևան քաղաքի զարգացման ծրագրում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս նշել է, որ խնդրին համակարգային և հիմնավոր լուծում է տրվելու: Դեռևս 2014 թվականին մեկնարկել էր աղբահանության հիմնահարցի կարգավորման փուլային գործընթացը՝ ներառելով մի շարք խորհրդատու կառույցների ջանքերը: Միջազգային մրցույթում հաղթող ճանաչված լիբանանյան «Սանիթեք» ընկերության աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվեց 2014 թվականի հունվարին: Այս հիմնահարցի կարգավորմամբ անցում է կատարվում աղբահանության և սանիտարական մաքրման երկրորդ փուլ, որը ներառում է ժամանակակից չափորոշիչներով նոր աղբավայրի կառուցումը:




Լրահոս