Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»:
Ըստ նրա՝ «մինչ մենք մեր ուշադրությունը բեւեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը եւ զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ողջ զինանոցը՝ հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին»:
«Ժողովուրդ»-ը Վարդան Ավետիսյանի հայտարարության եւ, առհասարակ, սահմանին առկա իրավիճակի մասին զրուցեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ (Օգանովսկի Սամվել):
ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին: Հասարակության շրջանում մտավախություն կա սահմանում լարված իրավիճակի, հակառակորդի հնարավոր գործողությունների մասով:
-Ես ասում եմ, որ լարվածություն կա սահմանում, բայց ասել, որ էսօր մենք միայն դրա մասին պետք է մտածենք, իհարկե, ոչ: Մենք շատ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, բայց մենք միշտ պետք է պատրաստ պահենք բանակի զինվորներին, եւ մենք միշտ զբաղվում ենք դրանով, որպեսզի կարողանանք երաշխավորել պետության անվտանգությունը:
–Ներկա պահին Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը սահմանին եւ ի՞նչ կանխատեսում ունեք:
-Սահմանում այդպիսի լարվածությունը միշտ էլ եղել է ու կա, բայց այն, որ այսօր կամ վաղը կարող է պատերազմի սկիզբ լինել, ես չեմ տեսնում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում պահեստազորի սպաների համահայկական միության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության պետ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը, որ կամավորական ուժերը պետք է համախմբվեն, որովհետեւ հակառակորդը լուրջ զորավարժություններ է անցկացնում, Պակիստանից լուրջ ուժեր են գալիս Ադրբեջան, եւ հակառակորդը ապրիլյան քառօրյայի ժամանակ կիսատ թողած գործերը ուզում է ավարտել:
-Ես այդ հարցին արդեն պատասխանեցի, որ մենք՝ զինված ուժերս, պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի մեր պետության անվտանգությունը երաշխավորենք:
-Պատրա՞ստ ենք:
-Կամավորականներին տվեք այդ հարցը: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մեր ժողովուրդը լավ գիտի, որ նա միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ոտնձգություններին, բայց այսօր ես այդպիսի մեծ քայլեր չեմ տեսնում: Մենք մեր հարցերը որոշում ենք մեր ճանապարհով, մեր ծրագրերի շուրջ:
–Պարո՛ն Հարությունյան, Վարդան Ավետիսյանը կոնկրետ օրեր է նշում՝ նոյեմբերի 11-17-ը:
-Իրեն հարցրեք:
–Դուք նշեցիք, որ լարվածություն կա, բայց մենք ամեն ինչ անում ենք: Ապրիլյան օրերին նկատեցին, խոսեցին, սակայն մենք ունեցանք 100 զոհ: Հիմա ինչո՞վ համոզվել, որ զգոն ենք:
-Մենք՝ զինվորականներս, միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի ոտնձգություններին: Մենք ունենք մեր պլանը, ծրագրերը, որոնցով առաջ ենք գնում:
զրուցեց Քնար Մանուկյանը