Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»:
Ըստ նրա՝ «մինչ մենք մեր ուշադրությունը բեւեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը եւ զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ողջ զինանոցը՝ հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին»:
«Ժողովուրդ»-ը Վարդան Ավետիսյանի հայտարարության եւ, առհասարակ, սահմանին առկա իրավիճակի մասին զրուցեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ (Օգանովսկի Սամվել):
Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյան (Օգանովսկի Սամվել)
-Պարո՛ն Կարապետյան, ինչպե՞ս է իրավիճակը սահմանին:
-Հակառակորդն էլ է պատրաստվում զորավարժության, մենք էլ ենք անցկացրել զորավարժություն: Ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ հսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է: Այն, որ ասենք՝ ինչ-որ ուժեր են կուտակվում հակառակորդի կողմից, ո՛չ, էդպիսի բան չկա:
–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Ավետիսյանի հայտարարությունը, որ պետք է պատրաստ լինել հենց նոյեմբերի 11-17-ը, ոտքի կանգնել, համախմբվել:
-Քանի որ իրենք ամսի 12-ին զորավարժություն են անցկացնելու, երեւի դա նկատի ունեն, եւ դիտարկում են էդպես: Մտավախությունը երեւի դրանում է:
-Դուք հակառակորդի գործողությունների հետ կապված որեւէ կանխատեսում չունե՞ք: Ըստ Ձեզ՝ այդ օրերին հակառակորդը ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել:
-Հակառակորդը միշտ էլ պատրաստվում է, մենք էլ պետք է պատրաստվենք, որ պատասխան տանք: Այսօրվա դրությամբ հակառակորդն անմիջապես մեր հսկողության տակ է գտնվում: Մենք հակառակորդի ամեն մի շարժ ֆիքսում ենք:
–Մինչ քառօրյա պատերազմը, հակառակորդը պատրաստվում էր, բայց մենք լուրջ չվերաբերվեցինք եւ ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմը, 100 զոհ: Դուք այս մտավախությունը չունե՞ք, որ նորից կլինի նույն պատկերը:
-Այն ժամանակ էլ մենք սպասում էինք, որ այդպիսի բան լինելու է: Բայց այսօրվա դրությամբ քանի որ ահագին աշխատանքներ ենք կատարել նաեւ առաջնագծում, տեսնում ենք, լսում ենք, էդ մտավախությունը չկա: Մենք մտավախություն չունենք, որ հակառակորդը կարող է այնպիսի քայլ անել, որ չֆիքսենք, չնկատենք: Բացառվում է:
զրուցեց Քնար Մանուկյանը