Եվրամիության (ԵՄ) գլխավոր գործադիր մարմինը` եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է 2016թ. Թուրքիայի զարգացման մասին զեկույց, որտեղ կոշտ քննադատություններ են հնչեցվել:
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի` զեկույցում քննադատությունները վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և այլն: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին:
Առաջին անգամ եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի գրանցում: Դատաիրավական համակարգում նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ միտումներն ավելի են խորացել:
Զեկույցում խոսվում է նաև Թուրքիայում երկարաձգված արտակարգ դրության և դրա ընթացքում իրականացված ձերբակալությունների մասին: Ձերբակալվածների մեջ առաջին հերթին նկատի են առնվում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահները, պատգամավորները, ինչպես նաև լրագրողները:
Նշված է եղել նաև, որ Թուրքիան 2016 թ. ավելի հեռացավ եվրաինտեգրման ճանապարհից: Զեկույցի առանձին հատվածում շեշտվել է, որ խորը անհանգստություն է առաջացնում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիոսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումները: