Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը:
Անդրադառնալով երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերություններին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ այն կրում է ոչ միայն գործնական բնույթ, այլև առանձնանում է իսկապես ջերմ ու բարեկամական կապերով:
«Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերություններն, անշուշտ, ոչ միայն փայլուն գործնական արդյունքներ են ապահովում, այլև աչքի են ընկնում իրենց խոր բարեկամական անշահախնդրությամբ: Այս հարցում, անշուշտ, մեծ է գործընկերոջս՝ Գեորգի Պոլտավչենկոյի անձնական ներդրումը: Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր՝ 2015-2020թթ. ծրագիրն էլ մեկ անգամ ևս փաստում է, որ երկուստեք գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային», – ընդգծել է Երևանի քաղաքապետն ու նկատել, որ «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու քաղաքների միջև իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները` Օլգա Կազանսկայան ևս առանձնակի կարևորել է երկուստեք հարաբերությունների այն մակարդակը, որը ձևավորվել է վերջին տարիներին Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև:
«Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ոչ միայն լավ գործընկերներ են, այլև լավ բարեկամներ: Հենց այս ամենի արդյունքում է, որ վերջին տարիներին մենք ունենք հաջողված համագործակցություն, որն աչքի է ընկնում շոշափելի ձեռքբերումներով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի նաև մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողականությունը, պարոն քաղաքապետ, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի», – նշել է Օլգա Կազանսկայան, նաև հավելել, որ «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կազմակերպված երկկողմ համագործակցության հարցերի հետ կապված համաժողովը և դրան հաջորդած կլոր սեղան-քննարկումներն իրենց հերթին եղել են արդյունավետ, ինչի շնորհիվ նախանշվել են համագործակցության զարգացման նոր ուղղություններ: