
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին ներկա է գտնվել «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:
Ցուցահանդեսում ներկայացվել է լենինգրադյան նկարիչների՝ «Մարտական մատիտ» միավորմանը նվիրված պաստառների շարքը, որոնք ստեղծվել են Լենինգրադի շրջափակման տարիներին՝ 1941-1944թթ.:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին շրջել և ծանոթացել է ներկայացված պաստառներին: Նշվել է, որ «Մարտական մատիտ»-ի վարպետների գործունեությունը նկատելի հետք է թողել հայրենական արվեստի պատմության մեջ ու պատերազմի տարիներին նրանց կողմից ստեղծված լավագույն ստեղծագործություններն արժեքավոր են ոչ միայն որպես ժամանակի փաստաթուղթ, այլև որպես արվեստի գործեր:
Հարկ է նշել, որ սույն ցուցահանդեսը Երևան քաղաքի պատմության ու Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանների միջև համագործակցության արդյունքում կյանքի կոչված հերթական նախաձեռնությունն է: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը: