Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հիվանդանոցում: Վթարից տուժած քաղաքացուն անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու փոխարեն վայր են գցել՝ ծանր քաշի պատճառով:
ArmLur.am-ի հետ զրույցում տուժած Արթուր Մարտիրոսյանի եղբայրը` Արտակ Մարտիրոսյանը նշեց, որ եղբորը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ մարդաշատ է եղել և տեղավորել չեն կարողացել. «Ես տեսա, որ բազմաթիվ հիվանդներ կան և եղբորս համար տեղ չկա, մինչև իջա, որ այդ հարցը կարգավորեմ, բարձրացա ու եղբայրս ինձ ասաց, որ բժշկուհին իրեն գցել է, հարցնում են ինչի՞ եք գցել, բժշկուհին ասում է, որ ծանր է չի կարողացել պահել»:
Արտակ Մարտիրոսյանի խոսքով իրենց նկատմամբ վատ վերաբերմունքն այսքանով չի սահմանափակվում. «Հիվանդների օգնությամբ եղբորս բարձրացրինք կատեի ապարատին, երկար ժամանակ ինձ ասացին, որ ոչ մի խնդիր չկա, հետո եղբորս կնոջը հայտնել էին, որ նա ուղեղի ցնցում է տարել: Մենք զանգեցինք շտաօգնություն, որ գան մեզ տեղափոխեն այլ հիվանդանոց, բայց այնտեղ մեզ ասացին, որ պետք է վճարում կատարենք: Բարձրանում եմ վերև, որ վճարում կատարեմ, ոմն Աիդայի մոտ, ներսում երեք հոգով հաց են ուտում, ասում եմ` եղբայրս լավ չի, ի՞նչ վճարում պետք է կատարեմ, ինձ ասում են դուրս եկեք, դրսում սպասեք հաց ենք ուտում»:
Բորբոքված խոսակցությունները հանգեցնում են նրան, որ անվտանգության աշխատակիցները գալիս են և դուրս բերում տղամարդուն սենյակից:
Արտակ Մարտիրոսյանը նշեց, որ չնայած գիտեն, որ եղբայրն ուղեղի ցնցում է տարել, այնուամենայնիվ, շտապում են ժամ առաջ լքել հիվանդանոցը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը, որտեղից ասացին, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Իրենք մի քիչ հիստերիայի մեջ էին ընկել, բայց ամեն ինչ հարթվել է, հիվանդը դուրս է գրվել»: