Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:
Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:
Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի աղմուկ հանած 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։
«Արդեն 10 տարի, համատեղ ջանքերով՝ մենք ձգտում ենք բնապահպանական մտածողություն և մշակույթ ձևավորել հատկապես մատաղ սերնդի շրջանում: Անխնա, սպառողական մոտեցումն ու անփութությունը մարդկության նետած բումերանգն է ամբողջ աշխարհին, որը մի օր կարող է վերադառնալ՝ աղետի տեսքով: Դրանից խուսափելու համար մենք պետք է կարողանանք առաջին հերթին խուսափել գիտակցված սխալից. բնությունը ոչնչացնելու, աղտոտելու և անտարբերության մթնոլորտից: Մեզ հաջողվում է այսօրինակ միջոցառումներով, քայլ առ քայլ արդյունք արձանագրել: Վստահ եմ, որ երիտասարդ սերունդն առավել պատվախնդիր է այս հարցում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին՝ 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։ .
Փառատոնի բացման արարողությունից անմիջապես առաջ՝ 17:00, «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում տեղի կունենա աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը։
Բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ ․
Ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան ԷՕՆում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:
Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ ․