Արտաշ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, Հայաստանի Հանրապետության ՊՆ սահմանապահ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 2016 թվականի ապրիլի 15-ից 29-ը հերթապահության ընդգրկված լինելով մարտական հենակետում, այդ հենակետի կացարանների տաքացման եւ կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզելային վառելիքը հափշտակելու դիտավորությամբ, անօրինական կարգով հրամայել է հենակետի կացարաններում փայտ եւ գազ վառել՝ ապահովելով համապատասխան միջոցներով:
Դրա արդյունքում Ա. Պետրոսյանը տնտեսել է զգալի չափերով՝ 95 հազար 242.5 դրամ արժողությամբ 270 լիտր դիզելային վառելիք, որը փորձել է յուրացնել, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ղազարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գումարտակի հրամանատար Արտաշ Պետրոսյանից տեղեկանալով, որ նրա կողմից ապօրինի տնտեսված, հափշտակելու նպատակով զորամաս տեղափոխված 270 լիտր դիզելային վառելիքը 2016 թվականի ապրիլի 30-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, այդ հանգամանքը որպես խոչընդոտ վերացնելու եւ հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով գումարտակին ամրացված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայի բենզինի բաքը հանել է մեքենայի վրայից, տեղափոխել Տավուշի մարզի Այգեձոր գյուղում գտնվող եռակցող Սուրեն Սաֆարյանի արհեստանոց:
Այնտեղ Դ. Ղազարյանը եռակցողին հանձնարարել է բենզինի բաքի ստորին հատվածը ծակել ու եռակցել: Այսպիսով իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելով՝ փորձել է նրանց մոտ պատրանք ստեղծել, թե իբր հայտնաբերված դիզելային վառելիքը գումարտակին ամրացված ավտոմեքենայի բաքինն է:
Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելու կամ վատնելու՝ հանցավորին վստահված ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակության փորձը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով), Դ. Ղազարյանին՝ 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելու կամ վատնելու՝ հանցավորին վստահված ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակության փորձին հանցակցելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով):
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան Սարգսյան