Գործողություններ չեն, այլ խախտումներ են, պարզապես կրակում են. Դավիթ Բաբայանը` հակառակորդի այսօրվա արկակոծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը  զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս նշեց, որ հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը, բայց արտառոց որևէ բան չկա. «Միշտ էլ նման բաներ ցուցաբերվում իրենց կողմից, դժվար թե վերանա այդ մոտեցումը: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ, իսկ ահաբեկիչները հենց նման պահվածք պետք է ցուցաբերեն»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝  հակառակաորդը ստանում է համապատասխան պատասխան, պարզապես այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից միջազգային հանրությունը մեծ և խորը հետևություններ պետք է անի:

«Գործողություններ չեն, այլ խախտումներ են, պարզապես կրակում են, որ ասեմ փորձ են անում մխրճվելու նման բան չկա: Այսինքն՝ միշտ պետք է ամեն ինչ համեմատության մեջ  դիտարկենք, և եթե համեմատում ենք, ապա կտեսնենք, որ շատ ավելի քիչ են քանակական առումով խախտումները, քան եղել են երկու-երեք տարի առաջ»,- ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ այստեղ որևէ արտառոց բան չկա.« Ունենք այն՝  ինչ ունենք: Հանցագործը, թշնամին կրել է մեծ կորուստներ ապրիլյան պատերազմի ժամանակ, չի կարողացել իր ոչնչացման հանցավոր ծրագիրն իրականացնել և շատ դժվար է լինելու նրան ապաքինվել»:

Վերջինիս հավելմամբ՝ միջազգային հանրությունը դեմ  է ցանկացած նման կտրուկ գործողությունների

Լիդա Եղիազարյան




Լրահոս