ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԱԳՐԵՍԻՎԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ավելին` հակառակորդն արդեն կիրառում է ոչ միայն հրաձգային, այլեւ իր զինանոցում առկա պաշարից այլ զինատեսակներ: ԼՂՀ ՊՆ՝ երեկվա պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը օգտագործել է ենթափողային նռնականետ, ականանետ:
Երեկվա լրահոսից տեղեկանում ենք նաեւ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկել բանակաշինությանը վերաբերող խնդիրներ: Սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով՝ նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանի զինված ուժերում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն:
Արդյոք նոյեմբերյան ագրեսիայի կանխատեսումներն արժանահավատ էին, եւ, ի վերջո, ժամանակը չէ՞, որ հայկական կողմը կոշտ հայտարարությամբ հանդես գա՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմի օրերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց. «Ինչ-որ ասել է հանրապետության նախագահը, արդեն ասել է, մենք չենք մեկնաբանում նախագահի ասածը, այլ իրականացնում ենք այն հայտարարությունները կամ այն հանձնարարականները, որոնք տրվում են այս ուղղությամբ»:

 

 

 
ՀՀ կառավարությունը կարծես թե մտադիր չէ ընտրությունների վերահսկողական մեխանիզմներ կիրառել: Դեռեւս մարտի 30-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով համապետական ընտրությունների ժամանակ նախատեսվող ուղիղ հեռարձակման համար տեսախցիկների գնման հարցին, հայտարարել էր, թե դա խնդիր չի լուծում, անիմաստ զբաղմունք է ու գումարի վատնում: Իսկ, ահա, նոյեմբերի 1-ին ասաց, թե փող չկա: «Կարող են գումարները չբավարարել եւ որեւէ կազմակերպություն չցանկանա հանձն առնել այդ պարտավորությունը»,-ընդգծել էր պաշտոնյան: Նշենք, որ ամենատարբեր հաշվարկներով խոսքը մոտ 6 մլն դոլարի մասին է, որը ծախսվելու է 1 անգամ, իսկ համակարգը կծառայի միշտ: Հիշեցնենք՝ գործադիրը խոստացավ նաեւ, որ նույնականացման քարտերի պարտադիր կիրառմամբ ընտրությունները կարվեն, այնուամենայնիվ, այդ ծրագիրը կյանքի չկոչվեց: Սա այն պարագայում, երբ ԵՄ-ն հանձն էր առել տրամադրել պահանջվող գումարի առյուծի բաժինը` 13 մլն դոլարը: Իսկ մնացած 3-ը իրեն հարգող որեւէ պետության համար ծանր բեռ չէր կարող լինել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական այցի նպատակն է ԼՂՀ նախագահի, վարչապետի հետ հանդիպումը, տեղում առկա խնդիրներին ծանոթանալը եւ համատեղ աշխատանքների քննարկումը: Այցը թերեւս ուշագրավ է նաեւ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից լարվածության պահպանման ֆոնին: Հիշեցնենք՝ այսօր Արցախ են մեկնում նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչը մեզ հետ զրույցում հոկտեմբերի 27-ին հաստատել էր նաեւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

 

 

 
Արդեն մի քանի օր է` ՀՀ քաղաքացիները, կարծես, երանելի մոլորության մեջ են: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գայթակղիչ հայտարարություն է արել, թե 10000 դրամով թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա: Երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը հրաժարվել է դեպի Երեւան չվերթներից` պատճառաբանելով, որ այստեղ ուղեւորների սպասարկման գինը բարձր է: Հանրության լայն զանգվածների մոտ ձեւավորվել է այն կարծիքը, որ սույն ավիաընկերությունը խաբում է ՀՀ-ի քաղաքացիներին` այդպիսով իր գովազդն անելով՝ միաժամանակ «ցեխ շպրտելով» «Զվարթնոցի» վրա: Իսկ ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական ընկերությունը: Հայրենի քաղավիացիայի գլխավոր վարչությունից սպառիչ պատասխան չստանալուց հետո, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Պոբեդա» ավիաընկերության հետ: Այստեղից նշեցին, որ «Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է: Իսկ 10000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում՝ սահմանափակ քանակով: Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի: Ճիշտ եւ ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման. սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երեւանում:

 

 

 
ՀԱԳՈՎ-ԿԱՊՈՎ
ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո կուսակցության խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք այս կամ այն, թեկուզ հարգարժան անձի հագով ծրագիր եւ կանոնադրություն չի գրում»: Հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցչի կողմից նման պնդումը, մեղծ ասած, տարակուսելի է: Ընդհանրապես, Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններում է ամեն ինչ «կարվում կոնկրետ անձանց հագով», նրանց քիմքին եւ ամբիցիաներին համահունչ, իսկ Հանրապետականի դեպքում դա առավել քան ցցուն է եւ, ցավոք, դուրս է գալիս ներկուսակցական տիրույթներից: Մասնավորապես՝ ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը բացառապես իր «հագով» գրել տվեց եւ անցկացրեց մի ամբողջ Սահմանադրություն՝ ընդ որում, հընթացս սեթեւեթելով, թե իբր ինքը դա առանձնապես չի ուզում, բայց անում է երկրի համար:
Եվ եթե մինչ այս ՀՀԿ-ականները, հղում կատարելով Ս. Սարգսյանի՝ 2014թ. ապրիլին արած հավաստիացումներին, թե ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, հակադարձում էին ընդդիմության պնդումներին, որ նոր Սահմանադրությունը «կարվում է Սերժ Սագսյանի հագով», ապա ընդամենը մի քանի օր առաջ արաբական al jazeera հեռուստաալիքի հետ զրույցում Սարգսյանի արած հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, չբացառեց իր առաջիկա նշանակումը վարչապետի պաշտոնում, այլեւս տեղ չի թողնում դրա համար:
Անշուշտ, հանուն արդարութան նկատենք, որ ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ ամեն ինչ արել են՝ սեփական «հագով» սահմանադրություններ ունենալու համար: Սակայն կոնկրետ Սերժ Սարգսյանի դեպքում «սեփական հագով» ամեն ինչ անելու տենդենցը բավականին ցցուն էր նրա՝ ՀՀԿ անդամ դառնալու հենց ամենասկզբից: Հավանաբար ՀՀԿ-ում մոռացել են, թե ինչպես կոնկրետ անձի համար կուսակցությունում ստեղծվեց նոր՝ ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոն, որպեզի այն զբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ «չնեղացնելով» այն ժամանակվա ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի տեղը: Եվ ապա՝ վերջինիս առեղծվածային մահվանից հետո այդ երկու պաշտոններն էլ անընդմեջ շարունակեց զբաղեցնել բացառապես ինքը: Հիմա էլ, վերստին, մեկ անձի համար ՀՀԿ-ում այդ երկու պաշտոնները պատրաստվում են առանձնացնել, եթե Կարեն Կարապետյանը, ի վերջո, որոշի դառնալ ՀՀԿ անդամ:
Այնպես որ, ՀՀԿ խոսնակի պնդումը, թե «այլեւս գնում ենք ոչ թե ուժեղ անհատների, այլ ուժեղ կուսակցությունների ճանապարհով», ցավոք, շատ հեռու է մեր իրականությունից:




Լրահոս