Oֆշորի գործով հայտնի գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի ընտանիքը լուրջ խնդիրներ ունի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սուքիասյանի հարազատները կանգնած են իրենց վերջին բնակարանը կորցնելու վտանգի առաջ: Ավելին՝ օդում կախված տեղեկությունների համաձայն՝ ադամանդագործի ընտանիքի անդամներին հետապնդում են:
Ինչպես հայտնի է՝ hetq.am-ը բացահայտել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: Բանն այն էր, որ նշված ընկերությունն ուղղակի առնչություն ուներ գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Ըստ հրապարակման՝ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից մաս-մաս ստացել էր 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, որի դիմաց, սակայն, բանկում գրավադրել էր գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չէր կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չէր խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: Արդյունքում գործարար Փայլակ Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ճանաչվել տուժող: Վերը նշված վարկային պատմության մասով հարուցվել էր քրեական գործ: Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ ձեռք բերելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու հատկանիշներով: Գործը, ավելի քան մեկ տարի է, դատաքննության փուլում է: Երեկ էլ հերթական դատական նիստն էր, որը, ինչպես միշտ, ընթացավ լարված մթնոլորտում:
Այստեղ զարմանալին այն է, որ մինչ օրս հայտնի չէ՝ քննչական ինչ գործողությունների են մասնակցել հիմնական դերակատարները` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Համենայնդեպս, գոնե պաշտոնապես այս հարցի պատասխանը դեռեւս չի տրվել:
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ օֆշորի գործով նոր բացահայտումներ եղան արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումից հետո:
Իսկ բացահայտումից հետո Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հայտարարում էին, թե իրենք որեւէ կապ չունեն օֆշորում գրանցված ընկերության հետ: Գործարար Սուքիասյանն էլ hetq.am կայքի միջոցով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակ էր գրել՝ հայտնելով, թե այդ կազմակերպության հիմնադիրն ինքն է. «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»: Սակայն գործարարի այս հայտարարությանը հավատացողների գլխին սառը ջուր լցրեց Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ հայտարարելով, թե Կիպրոսում հնարավոր չէ որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել՝ առանց տվյալ անձի թույլտվության կամ նրա լիազորված անձի ներկայության:
Ինչեւէ, անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի ընտանիքի անդամների առջեւ ծառացած խնդիրներին՝ նշենք, որ նրանց մերձավոր շրջապատի մարդիկ մասնավոր զրույցներում ասում են, որ Սուքիասյանները արդեն տեւական ժամանակ է՝ կանգնած են անօթեւան մնալու վտանգի առաջ: Բանն այն է, որ կատարվածից հետո նրանց ողջ ունեցվածքը կալանքի տակ է դրվել: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավելի վաղ Ա. Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, վստահեցրել էր, որ իր ընտանիքին ոչ ոք չի կարող ահաբեկել եւ «այս ամենը շառ է»:
Սուքիասյանների մերձավորների խոսքով, սակայն, Էդգար Սուքիասյանին որոշ ժամանակ առաջ ինչ-որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել: Օդում կախված խոսակցություններ կան այն մասին, որ երիտասարդին ծեծի ենթարկողները ինչ-որ թելերով կապված են սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հետ: Այս ամենը, սակայն, Է. Սուքիասյանը հերքել է՝ հայտարարելով, որ մարմնական վնասվածքները, որոնք ինքը ստացել է, վայր ընկնելու հետեւանքով են առաջացել, իսկ Փայլակ Հայրապետյանի հետ ինքը երբեւէ չի առնչվել:
Գուցե եւ ադամանդագործի որդին իսկապես որեւէ ճնշման եւ բռնության չի ենթարկվել, սակայն պետք չէ բացառել նաեւ, որ շատերի կարծիքով քավության նոխազ դարձած Աշոտ Սուքիասյանին «պատժելու» միջոցներից մեկն էլ լինի նրա ընտանիքի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեթոդը:
Ու թեեւ այս գործն արդեն իսկ դատարանում է, սակայն կան բազում հարցեր, որոնք այդպես էլ պատասխաններ չեն ստացել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱԲԵԼ Է ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՆ
Դեռեւս 2015թ. ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով հափշտակություն է իրականացրել: Դատապարտյալը կալանավայրում գտնվելով` արտոնյալ կարգավիճակ է ունեցել. մի քանի հեռախոսներով զանգահարել է ինչ-ինչ կենցաղային ապրանքներ վաճառող քաղաքացիներին, ներկայացել որպես գնորդ, մարդ է ուղարկել՝ ապրանքը գնելու, որոնք վերցրել են ապրանքը եւ անհետացել: Հիմա դատապարտյալի գործողությունների մասով նոր բացահայտումներ կան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ հայտնի դատապարտյալ Ս. Դանիելյանը կալանավայրից սկսել է խաբել անգամ Սերժ Սարգսյանի մերձավորներին: Մեզ հայտնի դարձավ, որ Ս. Դանիելյանի զոհն են դարձել նաեւ շախմատիստուհիները: 2015թ. նա խարդախությամբ հափշտակել էր Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների չեմպիոնուհի Արփինե Գրիգորյանի նոթբուքը: Այս համակարգիչը շախմատիստուհին պատրաստվում էր վաճառել, բայց հայտնվել է դատապարտյալի թիրախում: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ՔԿՀ-ում տիրող իրավիճակի պատասխանատուները այսօրինակ դրսեւորումներից հետո չեն պատժվել: Եւ մինչ օրս չեն էլ կանխվել նման երեւույթները, փոխարենը նախարարությունից օրերս միանգամայն անիրատեսական նախագիծ էին ներկայացրել ԱԺ: Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց զբաղվածության մասին օրենքում եւ քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում են մասնագիտական կրթություն տալ դատապարտյալներին ՔԿՀ-ում, ինչը մի շարք պատգամավորներ անիրատեսական համարեցին: Օրենսդիրները փաստեցին, որ անգամ հասարակ քաղաքացին աշխատանք չունի, ուր մնաց դատապարտյալների հարցը բարձրացնենք: Ըստ պատգամավորների՝ ՔԿՀ ոլորտում շատ կարեւոր հարցերը թողած, անիմաստ նախագիծ են ԱԺ բերել: Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ նախագծին կողմ են քվեարկելու, բայց բոլորն էլ հասկանում են, որ քվեարկելու են, եւ դրվելու է դարակում. «Գիտեք, մի՛ բերեք ուտոպիստական նախագծեր: Անիմաստ նախագիծ եք բերել, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք՝ այսօր ՀՀ-ում աշխատատեղ չկա»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Մեկ այլ հրամանագրով էլ Վիկտոր Քոչարյանը նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:
ՎԱՐԿ ՉՈՒՆԵՆ
ArmLur.am-ը հետաքրքրվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից, թե արդյոք մայր բուհը կուտակած վարկեր ունի, թե ոչ: Վերջինս նշել է, որ ԵՊՀ-ն ոչ մի անգամ, համենայնդեպս, ինչքան որ նա է ղեկավարում, մի դրամ վարկ չի վերցրել. «Եվ դրանից առաջ էլ որեւէ մի դրամ վարկ, որեւէ բանկից, լինի դա պետական թե մասնավոր բանկերից, մենք երբեւէ մի դրամ էլ վարկ չենք վերցրել»: Ըստ ռեկտորի՝ իրենց քաղաքականությունն է՝ բավարարվել այն ռեսուրսներով, որ ունեն:
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ArmLur.am-ը երեկ առավոտյան տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Արդեն հայտնի է, որ նրան փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս թեկնածությունը ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը Մուրադյանին պաշտոնանկ անելուց հետո հրապարակավ առաջարկել էր նրան լինել իր խորհրդականը՝ առողջապահական հարցերով: Իսկ ինչո՞ւ հենց Մուրադյանը, ո՞րն է նրա «հմայքը»: Թերեւս որոշումը սուբյեկտիվ գործոնից բացի, օբյեկտիվ տարրերով համեմված պատճառներ ունի: Նախ Մուրադյանը, նախարարի պաշտոնում աշխատելով բավականին կարճ ժամանակահատված, կարողացավ, այսպես ասած, «առողջապահական կրիզիս մենեջմենթով» աչքի ընկնել: Դժվարին իրավիճակներում, օրինակ, ինչպիսին էր նախորդ տարվա նոյեմբերի 3-ին Տուլայի մոտ վթարված Մոսկվա-Երեւան ավտոբուսի դեպքը, քառօրյա պատերազմի ընթացքում բուժօգնության կազմակերպում եւ հետագայում վիրավորների բուժման հարցերի համակարգումը, այս տարվա գարնանը Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի պայթյունը եւ այլ նման իրավիճակներում նրա պատասխանատվություն վերցնելու կարողությունն է, որը գնահատվել է իշխանական իսթեփլիշմենթի կողմից: Ինչպես հայտնի է՝ բժշկական համալսարանում ֆինանսական ծանր վիճակ է: Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ համալսարանը վարկեր ունի: Եւ վաղը կայանալիք խորհրդի նիստից հետո, երբ Մուրադյանը ռեկտոր դառնա, պետք է ոչ միայն պարտքերը մարի, կառավարման որակը փոխի, այլեւ ազատվի ՀՀԿ-ի տիրապետությունից: Բանն այն է, որ ՀՀԿ երիտթեւի 42-ամյա նախագահ, դատաբժիշկ Կարեն Ավագյանը տասնյակ թելերով կապված է բժշկական համալսարանի հետ: Կհաջողվի՞ Մուրադյանին կտրել այդ թելերը եւ բժշկականը դարձնել ՀՀԿ երիտթեւից անկախ մարմին, ցույց կտա ժամանակը:
ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ
Անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ArmLur.am-ին ասել է.«Գազի գնի իջեցումը պետք է լիներ դեռեւս երկու տարի առաջ, եւ դա պետք է լիներ ոչ թե 7 կամ 10 %-ի չափով, այլ պետք է լիներ 30-40 %-ի չափով: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել գազի անկում 2.5 անգամ, դա էականորեն պետք է ներգրավվեր: Եվ 2013թ. համաձայնագրի շրջանակներում Հայաստանի գնի ձեւավորման հիմք պետք է հանդիսանար Օրենբուրգ քաղաքի գինը, իսկ գինը շատ անգամ ավելի էժան էր ռուսական ռուբլու արժեզրկումից հետո: Եվ սա էլ է ապացույց, որ իրականում Հայաստանի գնի ձեւավորման մեթոդիկայում, ծախսային սկզբունքից ելնելով, «Գազպրոմը» մեզ պետք է ներկայացներ, թե այդ ի՞նչ լրացուցիչ ծախս է ինքը նվազեցրել, որի արդյունքում ինքը կարողանում է գազի գինը իջեցնել»:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հայաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երեւանում, նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻն հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը անցած գիշեր նվազել է 5-7 աստիճանով, նոյեմբերի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: