ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԲԱՃԿՈՆՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների ապրուստի միջոցը տարիներ շարունակ եղել է ձկնորսությունը, նորություն չէ: Նորություն չէ նաեւ այն, որ ձկնգողությունը այստեղ մեծ տարածում ունի, եւ ոչ մի պաշտոնյա երբեւէ չի կարողացել վերացնել ձեւավորված այդ մշակույթը:

Ասում են՝ տարիներ առաջ, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գեղարքունիքի ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում, «հայհոյանքի սպառնալիքով» արգելել էր մարզի բնակիչներին ձկնորսություն անել. թույլատրելին միայն ընտանիքի անդամներին կերակրելու համար արված որսագողությունն էր: Այսպիսով՝ ձկնգողությունը վաճառքի նպատակով էապես դադարեց այդ տարիներին: Եւ այսօր նորատուսցիները վերհիշում են այդ նախադեպը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը Նորատուս համայնքի բնակիչների հետ զրուցելիս պարզեց, որ գյուղացիները այսօր անթաքույց Սեւանա լճից օգտվում են: «Մեր ապրուստի միջոցն ա, բա ինչ անենք, մտնում ենք»,- ասաց բնակիչներից մեկը՝ պատմելով, որ հաճախ ձկնորսները զինված են «ծով մտնում»: ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի, բնապահպանական տեսչության աշխատակիցները հիմնականում չեն կարողանում «սաստել» նորատուսցիներին, հարցերը կարգավորվում են սպասվածից էլ արագ:
Բայց ցավալին այն է, որ իրենց ընտանիքը պահելու համար Սեւանա լիճ մտնող գյուղացիները հաճախ դժբախտ պատահարի զոհ են դառնում: Եւ անգամ պաշտոնական աղբյուրները փաստում են, որ Սեւանա լճում անհետ կորածների, ջրահեղձվածների կամ խեղդվողների թվում մեծամասամբ Նորատուս համայնքի բնակիչներ են:
Հոկտեմբերի 31-ին եւս հայտնի դարձավ, որ լճում երկու երիտասարդ է անհետ կորել: Նշված օրը՝ ժամը 14-ի սահմաններում, Սեւանա լճում անհետ կորել են 24-ամյա Աբրահամ Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանը: Նրանք ընկերներ են, Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչներ: Երեկվա դրությամբ որոնողական աշխատանքները մինչեւ մութն ընկնելը շարունակվում էին:
Ինչպես են երիտասարդներն անհետացել, եւ ովքեր են վերջին անգամ տեսել նրանց: Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Ջիվան Իսրայելյանի հետ, ով անհետ կորած երիտասարդների ազգականն է: Մեր զրուցակիցը պատմեց դեպքի մանրամասները: Այսպես, նրա խոսքով՝ երիտասարդները ձկնորսության են գնացել, որտեղ նրանցից բացի՝ այլ մարդիկ եւս եղել են: Դեպքի օրը եղանակային վատ պայմաններ են եղել, սակայն այս հանգամանքը նրանց ետ չի կանգնեցրել լճի՝ ավելի խորը հատվածները հասնելու համար. «Դե, տաքարյուն երիտասարդներ են: Իրենց հետ եղած մարդիկ մնացել են ափին, նրանք էլ առաջ են գնացել: Հետո աստիճանաբար եղանակն ավելի անբարենպաստ է դարձել, թեթեւ մառախուղ է սկսել, եւ այնտեղ գտնվողների տեսադաշտից երիտասարդները կորել են: Եթե գոնե նկատած լինեին… սրանից ավելի վատ բան չի կարող լինել. դժբախտությունն էլ ինչպե՞ս է կոչվում»,- նեղսրտած ներկայացրեց Ջիվան Իսրայելյանը:
Վերջինիս խոսքով՝ անհետ կորած երիտասարդները սիրողական մակարդակով էին ձկնորսությամբ զբաղվում, երբեմն էլ, կարիքից դրդված, վաճառելու նպատակով, սակայն փորձ, որպես այդպիսին, չունեին. «Եթե փորձ ունենային, գոնե կհասկանային, որ չի կարելի եղանակային նման պայմաններում որսի դուրս գալ, մանավանդ այն հատվածում, որտեղ իրենք են եղել: Դա Սեւանի ամենախորը մասն է: Մենք «Մեծ Սեւան» ենք ասում: Թե ինչ խորությամբ են գնացել, ուր են հասել, ոչ մի բան այս պահին հայտնի չէ: Որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան, մինչեւ կգտնենք»,- շարունակեց անհետ կորած երիտասարդների ազգականը:
Վերջինս հայտնեց նաեւ, որ երեկ փրկարարական բաճկոն է հայտնաբերվել, որը երիտասարդներից մեկին է պատկանում, իսկ թե ինչպես է այն հայտնվել ջրի երեսին, հայտնի չէ: Սակայն վարկածներ կան, որ կա՛մ տղաներից մեկը չի հասցրել այն հագնել եւ խեղդվել է, կա՛մ այն ավելի վաղ է ընկել նավակից:
«Կասկածներ ունենք, որ այն պահին են նրանք անհետացել, երբ քամին ավելի է ուժեղացել, ալիքներն էլ մի կողմից ու նրանց քշել-տարել են»,- ասաց Ջ. Իսրայելյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հետ, ով հայտնեց, որ եղանակային պայմանները գնալով վատանում են, ինչի հետեւանքով որոնողական աշխատանքները ժամանակ առ ժամանակ դադարեցվում են: «Միջին պայմաններով ապրող ընտանիք են: Ոչ մեկը նրանցից ամուսնացած էլ չէր»,- փոխանցեց համայնքապետը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների եւ ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք այսօր վաղ առավոտյան կվերսկվեն:
Ի դեպ, ԱԻՆ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխանցվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2013-2016թթ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արձանագրված արտակարգ պատահարների վիճակագրությունը: Ըստ այդմ, Սեւանա լճում այս տարվա տասը ամիսների ընթացքում, ինչպես եւ նախորդ տարի, ջրահեղձման 3 դեպք է արձանագրվել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավականին նվազեցրել է ՀՀ պետբյուջե վճարվող հարկերը:
Նշենք, որ ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղադրմամբ եւ շահագործմամբ: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պետական գնման մրցույթը շահելուց առաջ Հայաստանում անհայտ էր, սակայն արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրումից հետո՝ կարճ ժամանակահատվածում, այն հայտնվեց մենաշնորհատիրոջ կարգավիճակում:
Նշենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին, սակայն ընկերության անունը սկսեց շրջանառվել 2011 թվականին՝ արագաչափերի եւ տեսախցիկների ձեռքբերման եւ շահագործման մրցույթը շահելուց հետո: Վարորդների վճարած տուգանքներից «սնվող» բիզնեսը դեռեւս 2012 թվականին է հաստատվել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 193 մլն 130 հազար 800 դրամ: Իսկ, ահա, մեկ տարի անց՝ 2013 թվականին, վճարած հարկերի ընդհանուր չափը գրեթե հնգապատկվել է` հասնելով 525 մլն 485 հազար 200 դրամի:
ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա 9 ամիսներին պետբյուջե վճարել է 815 մլն 777 հազար 800 դրամ եւ հայտնվել ցանկի 111-րդ տեղում: Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում միայն ընկերությունը պետբյուջե է վճարել 547 մլն 836 հազար դրամի հարկ եւ տուրք՝ զբաղեցնելով ցանկի 112-րդ հորիզոնականը: Չնայած այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերությունը մեկ հորիզոնականով առաջ է եկել, սակայն տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավականին զիջել է իր դիրքերը: Այսպես՝ անցած տարվա 9 ամիսներին ընկերությունը պետբյուջե էր վճարել 1 մլրդ 210 մլն 927 հազար 300 դրամ եւ զբաղեցրել 73-րդ տեղը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հարկերի նվազումը պայմանավորված է վարորդների կողմից տուգանքները ոչ ժամանակին վճարելու փաստով:
Իսկ, ահա, «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը, որը Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպումն է իրականացնում, այս տարվա 9 ամիսներին պետբյուջե է վճարել 171 մլն 538 հազար դրամ հարկ եւ զբաղեցրել ցանկի 469-րդ տեղը: Այս ընկերությունը տարվա առաջին եռամսյակում է հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ վճարելով 85 մլն 677 հազար դրամ եւ զբաղեցնելով 278-րդ տեղը: Իսկ, ահա, երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 128 մլն 257 հազար դրամ եւ զբաղեցրել 413-րդ տեղը: Այսինքն՝ այս ընկերությունը աստիճանաբար ավելացրել է պետբյուջե վճարվող հարկերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎԵԼ
Միքայել Վաչագանի Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտք տված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու նպատակով եւ վաշխառությունը որպես արհեստ օգտագործելով՝ 2015թ. հունիսից մինչեւ 2016թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փոխառության պայմանագրի, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Խաչատուր Ծատուրյանին ամսական 20 տոկոս տոկոսադրույքով պարտքով տվել է 254 հազար ՀՀ դրամ: Համաձայն մեղադրական եզրակացության՝ այդ 254 հազար դրամից 2016թ փետրվարի 29-ին Խ. Ծատուրյանը վերադարձրել է 100 հազար դրամ, Մ. Մաճկալյանին պարտք մնացել 500 հազար դրամ, որից 254 հազար դրամ մայր գումար եւ 246 հազար դրամ տոկոսադրույք: Մ. Մաճկալյանը մինչեւ 2016թ. մարտի 1-ը պետք է ստանար 346 հազար դրամ չհաշվառված եկամուտ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այդ հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 400-600 հազար դրամ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Մ. Մաճկալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն առաջիկայում կսկսվի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

ՁՅՈՒՆԸ ԽԱՓԱՆԵՑ
Դիլիջանի տարածաշրջանի գյուղերի բնակիչներն իրենց առանձնատները ջեռուցում են վառելափայտով: Տարածաշրջանի գյուղերի մի մասը գազաֆիկացված է, սակայն այդ գյուղերի բնակիչները եւս որպես ջեռուցման միջոց նախընտրում են վառելափայտը, քանի որ ձմռանը դրա օգտագործումը բնական գազից էժան է: Նոյեմբերի 1-ին Դիլիջանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց, «Դիլիջան» ազգային պարկի անտառներ տանող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար անանցանելի դարձան: Մինչդեռ նշված գյուղերի շատ բնակիչներ ձմռան վառելափայտ դեռ չեն պատրաստել: Ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ասաց, որ իրենք նախորդ 2 ամիսներին բնակչությանն ինքնապատրաստումով թափուկներ են տրամադրել՝ մեկ խորանարդ մետրը 4800-5400 դրամով: Գների տարբերությունը պայմանավորված է այն բանով, թե որտեղ է գտնվում թափուկը: Ս. Մուրադյանն ասաց, որ եթե տեւական ժամանակ արեւային եղանակ լինի, եւ բեռնատարները կարողանան անտառ մտնել, թափուկի տրամադրումը կվերսկսվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս