«ՀՈԳԻՍ Է, ՈՐ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոյի եւ թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը: Նոյեմբերի 3-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիպում էր կազմակերպվել սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների եւ գործընկերների համար (թեեւ նրա ծննդյան օրը հունիսի 13-ին է): Հանդիպման վայրը պատահական չէր ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանն իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով ելույթ ունեցան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ երգիչներ: Միջոցառումը վարում էին էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը եւ հաղորդավար Արման Մարգարյանը: «Ժողովուրդ»-ը դերասանուհու հետ զրուցեց նրա անցած ճանապարհի եւ երազանքների մասին:

-Տիկի՛ն Էվելինա, Ձեր ստեղծագործական կյանքի պիկը ո՞ր շրջանն եք համարում եւ ինչո՞ւ:
-Ոչ միայն ինձ, այլեւ ողջ հայ մշակույթի համար այդ պիկը 70-80-ականներին էր: Այդ տարիներին ակտիվ զբաղվածություն ունեի թատրոնում, հեռուստաթատրոնում: Դրանք վերելքի տարիներ էին նաեւ գիտության, գրականության զարգացման համար:
-Մի քանի տասնյակ տարիներ անցկացրել եք բեմում: Վստահ ենք, որ եղել են բեմական կամ կուլիսային կյանքին վերաբերող դեպքեր ու հետաքրքրաշարժ դրվագներ, որոնք վառ են Ձեր հիշողության մեջ: Կպատմե՞ք այդ մասին:
-Շատ բաներ են եղել, անհաշիվ պատմություններ կան, հիշելն ու առանձնացնելն է դժվար: Ներկայացումների ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ ծիծաղել ենք եւ դժվար է եղել «հավաքվելը»: Բեմական ծիծաղն ուրիշ է, քաղցր է, երբեմն հնարավոր չի լինում այն դադարեցնել: Հիշում եմ` ներկայացումներից մեկում թագուհու կերպար էի մարմնավորում եւ, ըստ սցենարի, բեմի վրա կուտ էի տալիս աղավնիներին: Երբ հերթական անգամ խաղում էի դերս, անսպասելիորեն մի կատու հայտնվեց բեմում, բռնեց աղավնիներից մեկին ու անհետացավ: Այդ պահին, չհասկացանք, թե որտեղից եկավ կատուն, ու թե ինչ կատարվեց, բայց հիշում եմ, որ լսեցինք հանդիսատեսներից մեկի մեկնաբանությունը. «Ի՜նչ լավ է մտածել ռեժիսորը»: Իսկ իրականում ռեժիսորը նույնքան զարմացած էր, որքան մենք (ծիծաղում է):
-Հետաքրքիր է` 75-ում ի՞նչ մասնագիտական եւ անձնական երազանք ունեք:
-Տարիքն այս հարցում կապ չունի. երազում ենք միշտ, ես էլ երազում եմ միշտ: Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, ես եւս ցանկանում եմ նորանոր դերեր ստանալ, նոր նվաճումներ ունենալ: Այս հարցում եւս տարիքը նշանակություն չունի (ժպտում է): Ես դեռ սպասումներ ունեմ, որ կստանամ այն դերը, որի մասին երազել եմ, եւ որը ինձ նորից հաջողություն կբերի: Իսկ թե որ դերի մասին եմ երազում, չեմ ասի: Երիտասարդ ժամանակ նշում էի երազածս դերերի մասին, բայց երբեմն ցանկություններս չէին իրականանում. հիմա նախընտրում եմ չնշել դրանք: Կարեւորն այն է, որ դերս լինի տարիքիս համապատասխան. դա պետք է լինի իմ դերը:
Իսկ ինչ վերաբերում է անձնական երազանքներին, ապա կարող եմ ասել, որ գալիս է մի պահ, երբ դրանք կապվում են երեխաների եւ թոռնիկների հաջողությունների հետ:
-Եվ վերջում, կցանկանայի անդրադառնալ կնոջ Ձեր կերպարին: Ինչպե՞ս է պատահել, որ տարիները պարզապես անցնում են Ձեր կողքով: Ո՞րն է գաղտնիքը:
-Ճիշտ չի լինի ասել, թե տարիքս չեմ գիտակցում: Լինում են պահեր, երբ ֆիզիկապես զգում ես, որ ինչ-որ բաներ արդեն այն չեն, սակայն հոգին տարիք չունի, հոգիս է, որ չի ծերանում: Իսկ թե որն է պատճառը, իսկապես չգիտեմ: Ես ապրում եմ այսօրվա օրով, ուրախանում ամեն բացվող առավոտով: Կյանքի ընթացքում լինում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ պահեր, լուսավոր ու մռայլ կետեր. պետք է կարողանալ դիմակայել, ընդունել:
Հիշեցնենք, որ Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 դերեր՝ ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում, խաղացել է շուրջ 150 պիեսներում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում, այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլն: Նա 2003-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, «Արտավազդ» մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ եւ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր:

 

 

 
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ 6 ՏԱՐԻ ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍԵՐ Է ԱՐԵ՞Լ

ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի նիստում որոշվել է լուծարել պետական մի շարք հիմնարկներ: Ի թիվս այլոց, որոշվել է դադարեցնել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց հիմնարկի տնօրեն Եղիշե Խերանյանի հետ: Մենք նախ հետաքրքրվեցինք` ինչպես ստացվեց, որ 6 տարիների ընթացքում հիմնարկի գոյությունը ոչ ոք անիմաստ եւ անարդյունավետ չէր համարում, եւ հանկարծ իրավիճակ փոխվեց. «Ես չեմ կարծում, որ մեր հիմնարկի գոյությունն անիմաստ է եղել, եւ այդ պատճառով է դադարեցվում դրա գործունեությունը: Ուղղակի 6 տարի առաջ պետական քաղաքականությունն այլ բան էր թելադրում, հիմա, հավանաբար, այլ: Հիմա օպտիմիզացիայի խնդիր կա: Հավանաբար, կառավարությունը նպատակահարմար է գտել այս միջոցով որոշակի խնդիրներ կարգավորել: Պետությունն այսօր, իրոք, բավական բարդ իրավիճակում է: Որքանով տեղյակ եմ` նպատակ կա կենտրոնացված մի կառույց ստեղծել, որը կիրականացնի մի քանի ԾԻԳ-երի գործառույթներ»,-մեկնաբանեց տնօրենը:
Ճշտող հարցին, թե օպտմիզացիայի պատճառը որոշակի գումարներ խնայե՞լն է, Ե. Խերանյանը պատասխանեց. «Այո՛, որքան հասկանում եմ` որոշակի խնայողությունների խնդիր կա: Հիմա վերանայում են ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների գործառույթները, որոշ դեպքերում էլ վերամիավորման ճանապարհն են ընտրել: Այսօր մեր պետությանը պետք է մաքսիմալ կերպով խնայել գումարներ ու ճիշտ օգտագործել առկա ֆինանսական միջոցները»:
«Այսինքն` այս 6 տարիների ընթացքում Ձեր հիմնարկությունը անիմաստ ծախսեր է արե՞լ»,-հարցրինք մենք: «Չէ, նման հարցադրում ոչ ոքի կողմից չի արվել, գումարներն էլ անիմաստ չեն ծախսվել: Այս 6 տարիների ընթացքում մեր իրականացրած մրցույթների արդյունքում 100 միլիոն դրամից ավել խնայողություն է արվել եւ տրվել պետական բյուջե. դա արդեն իսկ ցուցանիշ է»:
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց` արդյոք հիմնարկի աշխատակիցները դուրս են մնալու համակարգից եւ համալրելու են գործազուրկների շարքերը. «Կարծում եմ` ղեկավարությունը որոշակի հոգատարություն կդրսեւորի, որ այդ երիտասարդ կադրերը, որոնք այս տարիների ընթացքում հասցրել են փորձ ձեռք բերել, դուրս չմնան»,-եզրափակեց տնօրենը:
Հիշեցնենք, որ հիմնարկի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն էր: Դրա գործունեության հիմնական ոլորտներն էին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, ՀՀ մշակույթի նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների մշակույթի ոլորտի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը եւ աշխատանքները:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍԻ»
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հավակնում է նոմինացվել «Ոսկե գլոբուսի»: Կինոռեժիսորը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Ոսկե գլոբուսը» կինոժապավենի աշխարհագրությունն ընդլայնելու լայն հնարավորություններ է ընձեռում. «90 միջազգային լրագրողներ, որոնք աշխատում են Հոլիվուդում, ընտրություն են կատարում ֆիլմերի միջեւ։ Եթե հաջողվի, եւ մեր աշխատանքը նոմինացվի, ապա միջազգային հարթակներում այն ներկայացնելն ավելի դյուրին կլինի, քանի որ ֆիլմը մրցանակաբաշխության ընթացքում արդեն իսկ հասցրած կլինի ճանաչում ձեռք բերել։ Մենք անհամբեր սպասում ենք դեկտեմբերին կայացվելիք որոշմանը` հուսալով, որ «Վերջին բնակիչը» նույնպես տեղ կգտնի նոմինացված ֆիլմերի ցանկում եւ կմասնակցի 2017-ին կայանալիք այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ «Վերջին բնակիչը» մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 17-ից:

 

 

ՁԻԹՈՂՑՅԱՆԸ` ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Ամերիկաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի գերիրական կտավները նոյեմբերի 3-6-ը ցուցադրության կհանվեն Ստամբուլում: Այս մասին նկարիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում` հավելելով, որ դա կլինի իր առաջին նմանօրինակ ներկայությունը Ստամբուլում: Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրվելու են Ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում: Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երեւանում: Նա 10 տարեկանում ունեցել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ: Դրանք ցուցադրվել են նաեւ Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ Նկարիչը 2009-ից հաստատվել է Նյու Յորքում:
 

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
Դոնի Ռոստով քաղաքում 86 տարեկանում մահացել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, համաշխարհային ճանաչում վայելող ծաղրածու Օլեգ Պոպովը: Tass.ru-ի փոխանցմամբ` Պոպովը մինչեւ կյանքի վերջը ելույթ է ունեցել կրկեսում. 2016թ. ձմռանը նա մեծ շրջագայություն էր սկսել Ռուսաստանում:
«Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Իվանովը հայտնել է, որ արտիստը վերջին շրջանում իրեն լավ է զգացել, եւ մահը վրա է հասել հանկարծակի:
Նշենք, որ Պոպովը մեկնել էր Ռոստով հոկտեմբերի 29-ին, «Թող միշտ արեւ լինի» նոր շոուի պրեմիերայի կապակցությամբ: Ծաղրածուն պետք է այնտեղ հանդես գար մի շարք ներկայացումներով, սակայն հասցրեց մասնակցել միայն 2-ին:




Լրահոս