ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկությամբ էր հանդես եկել, ըստ որի 2016 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից հազար դրամ պահումներ են արվելու` մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու համար:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ: Վերջինս նշեց` հասկանալով, որ կան մարդիկ որոնց համար հազար դրամն էլ շատ մեծ նշանակություն ունի, այնուամենայնիվ, սա համազգային համախմբման ակտ է, որի արդյունքում օգնում ենք մարդկանց, ովքեր մեր կարիքն ունեն:
«Այսինքն՝ հարցեր կլուծեն երկրի, ժողովրդի, այն ծառայողների, ովքեր ունեն դրա կարիքը: Համարում եմ, որ իրականում, եթե այսօր պետությունը չունի այդ հնարավորությունը՝ մենք միասնական պետք է լինենք և մեր պարտքը կատարենք»,-ասաց նա:
Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ մարդը պետք է կարողանա իր լուման ունենալ երկրի բոլոր գործերում, իսկ այս դեպքում մեր համար զինվորը շատ կարևոր է: «Կան բարեգործներ, մարդիկ ովքեր իրենց փոքր ունեցածը կիսում են մարդկանց հետ: Ես համարում եմ, որ սա էլ ինչ-որ ձև է համախմբման և այս ձևով էլ մենք կարող ենք օգուտ բերել մեր հայրենիքին և մեր զինվորներին»:
Լիդա Եղիազարյան