Բնապահպանության նախարարի մոտ քննարկվել են կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների և հողի անվտանգ վնասազերծման հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին և «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանին:

Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է 4.7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրի հիմնական բաղադրիչները: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից 1050 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների տեղափոխման, արտահանման և ոչնչացման միջոցառումներին: Արծվիկ Մինասյանին տեղեկացվել է, որ Ծրագրի կառավարման խորհուրդն իր նիստում որոշում է կայացրել Նուբարաշենից չտեղափոխել նախկինում նախատեսված ևս 7100 տոննա աղտոտված հողը, այլ այն վնասազերծել տեղում:

ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված 7100 տոննա երկրորդ կատեգորիայի աղտոտված հողը տեղում` Նուբարաշենի գերեզմանոցում աղտազերծելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառումը և այդ նպատակով այլընտրանքային ֆինանսավորման լրացուցիչ միջոցների ներգրավումը:

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող բնապահպանական դրամաշնորհային ծրագրերի ընթացքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հրազդան քաղաքի հարևանությամբ գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահեստարանի տեղում` վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված հարցերը:




Լրահոս