«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակիցները ստացել են իրենց թալիսմանները. ի՞նչ ակնկալիքներ ունեն աղջիկները մրցույթից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին հաշված օրեր են մնացել: Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 20-ին, Մալթայում: Հայաստանը մրցույթում կներկայացնեն 13-ամյա Մերի Վարդանյանը եւ Անահիտ Ադամյանը՝ «Տարբեր» երգով (երաժշտության հեղինակ` Նիկ Եգիբյան, խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան): «Ժողովուրդ»-ը աղջիկների հետ զրուցել է եվրատեսիլյան թոհուբոհի եւ այլ թեմաների շուրջ:

14997178_1203950453019352_1561852882_n

-Մի փոքր պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք սովորում, ի՞նչ հաջողություններ եք հասցրել գրանցել Ձեր ոլորտում:

Մերի– Սովորում եմ «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում: 2015-ին մասնակցել եմ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ արժանացել գլխավոր մրցանակի: 2016-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել եմ առաջին մրցանակի:

Անահիտ- Ապրում, սովորում եմ Սոչի քաղաքում: Երգով սկսել եմ հետաքրքրվել 2013թ.-ից: Ռուսաստանում մասնակցել եմ մանկական «Голос» նախագծի ընտրական փուլին, ինչպես նաեւ Իգոր Կրուտոյի ակադեմիայի «Битва талантов» նախագծին, որի շրջանակում դարձել եմ ֆինալիստներից մեկը:

-Նշել եք, որ էությամբ շատ տարբեր եք, եւ այս հանգամանքից ելնելով էլ ստեղծվել է Ձեր «Տարբեր» երգը: Ամեն մեկդ բնութագրեք, խնդրեմ, մյուսիդ մի քանի բառով:

Մերի-Այո՛, ճիշտ եք. մենք, իսկապես, շատ տարբեր ենք: Անահիտը բավական աշխույժ է, իսկ ես նրա համեմատ ավելի հանգիստ եմ, անգամ մի փոքր պասիվ:

Անահիտ-Ինչպես մեր երգում է ասվում` ես աշխույժ ու խենթ եմ, իսկ Մերին դասական է, նրա պահարանում միայն սեւ ու սպիտակ գույներ կան (ժպտում է):

15033821_1203950466352684_2136207552_n

-«Մանկական Եվրատեսիլի» մասին երբվանի՞ց եք մտածել, երազել: Մրցույթի մեր նախորդ մասնակիցներից ո՞ւմ ելույթն եք հավանել:

Մերի-Մրցույթին մասնակցել երազում են բոլոր երեխաները, որոնք երգում են: Իմ գլխավոր ու ամենամեծ երազանքն էլ է դա եղել: Հաճախ եմ պատկերացրել, թե ինչպես եմ կանգնում այդ մեծ բեմի վրա, եւ թե ինչպես են ինձ վրա լույսեր ընկնում: Հիմա արդեն այդ ամենը քիչ-քիչ իրականություն է դառնում: Իսկ մեր նախորդ մասնակիցներից շատ եմ հավանել Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը:

Անահիտ- «Եվրատեսիլին» մասնակցելու մասին ես էլ եմ երազել: Վստահ եմ, որ այնտեղ լավ ժամանակ եմ անցկացնելու, շատ ընկերներ եմ ձեռք բերելու: Ես եւս ամենից շատ սիրել եմ Վլադիմիր Արզումանյանի «Մամա», ինչպես նաեւ Միկայի «Love» երգը:

«Մանկական Եվրատեսիլից» ի՞նչ ակնկալիքներ ունեք, Ձեզ համար առավել կարեւոր է շոո՞ւն, թե՞ կատարումը` վոկալային առումով:

Մերի- Ինձ եւ Անահիտի համար առաջին հերթին կարեւոր է լավ ելույթը, էականն այն է, որ չհուզվենք: Իսկ շոուի մասով մենք չենք զբաղվում, մեզնից կախված է միայն լավ ելույթը (ժպտում է):

Անահիտ- Մեզ հետ բեմում լինելու են նաեւ չորս պարող աղջիկներ: Վստահ եմ, որ միասին լավ ելույթ ենք ունենալու:

-Շատ երեխաներ նմանատիպ մրցույթների մասնակցում են պարզապես զվարճանալու եւ ընկերներ ձեռք բերելու նպատակով: Դո՞ւք ինչ կասեք:

Երկուսով- Բոլորը գործոնները` միասին (ժպտում են):

-«Մանկական Եվրատեսիլի» մեր նախորդ մասնակիցները բավական ուժեղ են եղել, պարտավորեցնող չէ՞ նրանցից հետո ելույթ ունենալը:

Մերի-Ասեմ, որ արդեն հանդիպել ենք Միկային (Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին ներկայացրել էր Միքայել Վարոսյանը` Միկան, եւ զբաղեցրել 2-րդ տեղը-հեղ.), ու նա մեզ թալիսմաններ է նվիրել: Կարծում ենք` ամեն բան լավ կլինի:

Անահիտ- Անկախ ամեն ինչից` դժվար է նման մեծ մրցույթում ելույթ ունենալը: Դրա համար մենք իսկապես շատ ենք պարապում:

-Ձեզ դատելու է նաեւ մանկական ժյուրին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

Մերի- Տխրեցի, երբ իմացա, որ այս տարի sms քվեարկություն չի լինելու: Միշտ պատկերացրել եմ, թե ինչպես եմ երգում ու ինձ համար հաղորդագրություններ են ուղարկում:

Անահիտ– Եթե մենք լավ երգենք, ամեն ինչ լավ կլինի:

15049958_1203950473019350_1081818315_n

-Նշե՛ք մի քանի հատկություն, որակ, որոնք փոքրիկ արտիստը պետք է անպայման ունենա:

Մերի- Ինքնավստահություն, լավ ձայն:

Անահիտ- Համբերատարություն, աշխատասիրություն:

-Փոքրիկներն արդեն հասցրե՞լ են սիրել Ձեր երգը, դրա վերաբերյալ ի՞նչ արձագանքներ եք լսել:

Երկուսով– Հիմնականում լավը (ժպտում են):

Հիշեցնենք, որ մրցույթի հեռարձակման հետ կապված այս տարի փոփոխություն է տեղի ունեցել. «Մանկական Եվրատեսիլին» կարող եք հետեւել Հայաստանի ժամանակով 19.00-ին: Ժամային փոփոխությունն արվել է, որպեսզի մրցույթին ներգրավվեն ավելի շատ երկրներ եւ հեռարձակողներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս