Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների լիարժեք կահավորման համար 5500 ճանապարհային նշան է անհրաժեշտ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավ ճանապարհ, հարմարավետ երթևեկելի միջավայր, զգոն և կարգապահ վարորդ, սարքին ավտոմեքենա. սրանք անվտանգ երթևեկության հիմնական երաշխիքներից են: Երթևեկելի միջավայրն ինչպես ճիշտ տեղում դրված և անհրաժեշտ քանակի ճանապարհային նշաններն են, այնպես էլ` ճանապարհները եզերող մետաղական արգելափակոցները, ազդանշանային սյուներն ու գծանշումները: Երթևեկության ինտենսիվության մեծացման հետ, փոխվում են նաև ճանապարհների կահավորվածության չափանիշները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի մեզ հետ զրույցում հայտնեց, որ ճանապարհների շահագործման ընթացքում անընդհատ դիտարկվում և հայտնաբերվում են այն հատվածները, որտեղ հավելյալ նշանների կամ արգելափակոցների կարիք կա: «Ամենաթարմ օրինակը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր (167-րդ կմ) հատվածն է, որտեղ հաճախ էին վթարներ արձանագրվում: Հետագա պատահարները կանխելու նպատակով վերջերս այստեղ տեղադրվեց 30 գծամետր մետաղական արգելափակոց` ավելի ապահով դարձնելով երթևեկը»,- ասաց Հրաչյա Բաղդասարյանը:

Չնայած վերջին տարիների ընթացքում արվող շարունակական համալրումներին, հանրապետության միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին այս առումով դեռ շատ անելիքներ կան:

«Մենք ուսումնասիրել և մոտավոր հաշվարկ ենք արել, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների լիարժեք կահավորման համար 5500 ճանապարհային նշան է անհրաժեշտ», -ասաց Հ. Բաղդասարյանը:

Ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները հավաստում են, որ չնայած սուղ միջոցներին՝ կարողանում են ապահովել ճանապարհների կահավորվածությունը և անվտանգ երթևեկ ապահովել:

Դեռ խորհրդային ժամանակներից ժողովրդի շրջանում պահպանված սովորությամբ, մարդիկ պոկում-տանում են ճանապարհային նշանները, մետաղական արգելափակոցներն ու անգամ սյուների անդրադարձիչ լույսերը:

Բոլորովին վերջերս հիմնանորոգված Երևան- Սևան մայրուղու 56-րդ կմ-ում ականատես եղանք չստացված գողության հերթական դեպքին: Արգելափակոցից քանդել-հանել էին մի հատված և թաքցրել մոտակա կրպակի հետևում` գուցե հետո տանելու նպատակով: Ճանապարհը սպասարկող «Ծովագյուղ ՃՇՇ» ընկերության տնօրեն Նորիկ Սիմոնյանը պատմեց, որ մարդիկ նշանների համար ամենատարբեր գործածություններ են գտնում. արագության սահմանափակման նշանները թոնրի կափարիչներ են ծառայում, որպես բահ են օգտագործում բակում ձյուն մաքրելու համար, արգելափակոցները մետաղի ընդունման կետեր են տանում:

Նորիկ Սիմոնյանը նշեց, որ գողություններն առավել հաճախ գյուղական տարածքներում են լինում: Երբեմն էլ մարդիկ ճանապարհային նշանները տանում են, այսպես ասած՝ ոչ միտումնավոր:

«Բեռնատար մեքենան անցնելիս հարվածում է, գցում նշանը, մոտակայքում ապրողներն էլ վերցնում տանում են իրենց տներն, օգտագործում»,- պարզաբանեց «Ծովագյուղ ՃՇՇ» ընկերության ղեկավարը:

Հիմնականում մեկ-երկու նշանի գողության դեպքում ոստիկանություն չեն դիմում, գործը դրան է հասնում միայն, երբ ֆինանսական լուրջ վնասներ են կրում: Իսկ հետևանքները վերացվում են սեփական միջոցներով:

Եթե այդ մետաղի կտորն իրենց բակում չնչին կենցաղային խնդիր է լուծում, ապա ճանապարհին` իր տեղում մնալով, կարող է կանխել բազմաթիվ պատահարներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս