Սերժ Սարգսյանը 2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացրել:
«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ.
1. 2016 թվականի նոյեմբեր -2017 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
3. 2017 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ: