Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Այսպես է անվանվում միջազգային, կառավարական, ոչ կառավարական և տեղական կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, հիմնադրամների և քաղաքացիական ակտիվիստների միությունը:
Կոալիցիան ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների և պոտենցիալ դոնորների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին:
Նպատակին հասնելուն նպաստող գործիքներից մեկը դարձել է Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը առողջապահական հաստատությունները կանխարգելիչ միջոցառումներ են կազմակերպում, անց կացնում բժշկական զննումներ: Բացի այդ, բազմաթիվ կամավորներ մարդկանց պատմում են թոքաբորբի և դրա հետ կապված ռիսկերի մասին, բաժանում տեղեկատվական թերթիկներ և գրքույկներ:
Այս ամենից բացի, 2009 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին «Թոքաբորբի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործողությունների գլոբալ պլան» են հայտարարել: Այս պլանի նպատակը թոքաբորբի դեմ պայքարի ակտիվացումն է երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման և բուժման համակցված միջոցառումների օգնությամբ:
Ի դեպ, առաջին հերթին հենց երեխաներն են տառապում թոքաբորբով, ընդ որում, ողջ աշխարհում անչափահասների մահացությունների գլխավոր պատճառն է: Այն խլում է տարեկան 1,4 մլն մինչև հինգ տարեկան երեխաների կյանք: Դա ավելի շատ է, քան ՁԻԱՀ-ը, մալարիան, կարմրուկը միասին վերցրած: