ՀՀԿ-ն պատասխան կտա իր ընտրողներին. ինչ փոփոխությունների կենթարկվի կուսակցության ծրագիրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է փոփոխել իր ծրագիրը, որն ավելի քան տասը տարի՝ որեւէ փոփոխության չէր ենթարկվել: Որն է ծրագիրը փոփոխելու նպատակը, եւ կոնկրետ ինչ փոփոխությունների է այն ենթարկվելու, «Ժողովուրդ»-ը պարզել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից:

-Պարո՛ն Աշոտյան, արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է փոփոխել իր ծրագիրը, որը տասը տարի շարունակ որեւէ փոփոխության չէր ենթարկվել: Ո՞րն է պատճառը:

– Մեր ծրագրային փոփոխությունները վերջին անգամ տեղի են ունեցել 2006 թվականին, այդ տարվա համագումարը քննարկեց եւ հաստատեց նոր ծրագրի նախագիծը: Տասը տարիների ընթացքում մենք բազմաթիվ նոր հնարավորությունների, մարտահրավերների եւ մոտեցումների ենք ականտես եղել: Հանրապետականը չի փոխում իր գաղափարական ուղղությունը, ճիշտ հակառակը, նոր նախագիծը իր մեջ բացում, ավելի մատչելի է դարձնում, բացատրում մեր քաղաքացիներին, թե ինչ է ազգային պահպանողականությունը: Մեզ համար ազգային պահպանողականության հայկական ընկալումը մնում է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ այդ ուսմունքը ամբողջությամբ տեղավորվում է դասական համաշխարհային քաղաքագիտության մեջ: Մենք շարունակելու ենք դավանել պահպանողական արժեքներին, որոնք խարսխված են ազգային հենքի վրա: Ցավոք, քաղաքական շատ կուսակցություններ այսօր հիշեցնում են ամեն ինչ, բացի կուսակցություններից` ֆրակցիաներ, խմբավորումներ եւ այլն, բայց դասական իմաստով այսօրվա կուսակցությունների զգալի մասը ստեղծված են սպասարկելու այդ կուսակցության առաջնորդի շահերը, եւ, հետեւաբար, շատ է դեմագոգիան, շատ է պոպուլիզմը, քիչ է գաղափարաբանությունը, լղոզված են սահմանները տարբեր տեսակի քաղաքական պլատֆորմների միջեւ: Կենցաղային մակարդակի քաղաքականությունը, ցավոք սրտի, ավելի շատ է Հայաստանում, եւ անգամ ընդդիմադիր դաշտում չի ուրվագծվում ընդհանուր գաղափարական պլատֆորմ: Ընդունված է համարել, որ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը լիբերալ է, բայց իրականության մեջ ուժեղ անհատներից բաղկացած լիբերալ դաշտը չի կարողանում բյուրեղացնել իր ասելիքը Հայաստանում, հետեւաբար նաեւ մրցունակ չի կարող լինել գալիք ընտրություններում:

-Իսկ արդյո՞ք այս ծրագրային փոփոխությունն արդյունքը չէ ՀՀԿ-ի ունեցած մտավախությանն առ այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չեք կարողանա ապահովել անհրաժեշտ թվով ձայներ:

-Ես կարծում եմ, որ եթե ազնիվ խոսենք, բոլոր քաղաքական ուժերը այսօրվանից, իսկ որոշ մասը ավելի շուտ սկսել են լավ իմաստով մտահոգվել գալիք խորհրդարանական ընտրությունների համար: Չկա քաղաքական ուժ, որը պետք է չհավակնի իշխանության կամ չհավակնի քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելուն: Եթե այդպիսի քաղաքական կուսակցություններ կան, որոնք ամաչում են կամ վախենում են ասել, որ ստեղծված են պայքարելու իշխանության համար, ապա այդպիսիք ամեն ինչ են, բացի կուսակցությունից` քաղաքական ակումբներ են, միավորումներ են եւ այլն: Մեր ծրագրային փոփոխությունները ամրացնում են մեր մեջքը, որովհետեւ մենք ավելի ազնիվ ենք դառնում, ավելի մատչելի ենք դառնում, ավելի համադրելի ենք դառնում մեր քաղաքացիների քաղաքական սպասումներին, մենք ասում ենք` ովքեր ենք մենք, մենք ասում ենք` ով եւ ինչն է մեզ համար կարեւոր, թե ինչպես ենք մենք պատկերացնում ՀՀ-ի ապագան, ինչ արժեհամակարգի շրջանակներում:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս