Ինչպես հայտնի է՝ նոր կառավարության ձեւավորումից հետո բարձրացվեց նաեւ մարզպետների փոփոխության հարցը: Առաջինը մարզպետի պաշտոնը լքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որին, ըստ լուրերի, կհաջորդի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ապա նաեւ՝ Լոռու մարզպետ Արթուր Նաբանդյանը:
«Ժողովուրդ»-ը Լոռու մարզպետ Արթուր Նաբանդյանի հետ զրուցել է վերջինիս հնարավոր պաշտոնանկության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները կատարելու մասին:
–Պարո՛ն Նալբանդյան, կարո՞ղ եք կոնկրետ նշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից որոնք եք այս ընթացքում կատարել:
-Վարչապետի հանձնարարականը մենք գրեթե ամեն շաբաթ ենք ստանում, եւ մեկը չէ: Դուք կոնկրետ ո՞ր հանձնարարականի մասին եք ուզում իմանալ:
–Դուք նշեք այն հանձնարարականները, որոնք կատարել եք:
-Այս պահի դրությամբ ամենակարեւոր աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, դա 2017-2025 թվականների մարզի տնտեսության զարգացման ծրագրերի մշակումն է, եւ դա լինելու է առաջիկա տասը տարիներին մեզ համար ամենակարեւոր փաստաթուղթը: Մենք հիմա ակտիվ աշխատանքներ ենք տանում հենց այդ ուղղությամբ, արդեն իսկ աշխատանքային խումբը ստեղծվել է, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից արդեն վերապատրաստման աշխատանքներ են իրականացվում նաեւ աշխատանքային խմբերի համար:
-Մարզի զարգացման ծրագրի մշակումից զատ՝ ի՞նչ այլ հանձնարարականներ եք ստացել եւ կատարել կամ կատարում:
-Կարող եմ նաեւ տնտեսումների հետ կապված ներկայացնել, որ մենք արդեն փորձում ենք հասկանալ, թե 2017 թվականին որ ոլորտներում կարող ենք ֆինանսական տնտեսումներ իրականացնել: Այնպես որ, վարչապետի բոլոր հանձնարարականները մեզ համար ընթացքի մեջ են, ժամկետային են, եւ մենք փորձում ենք այդ ժամկետի մեջ իրականացնել:
-Իսկ վարչապետը գո՞հ է մինչ այս Ձեր կատարած աշխատանքից:
-Քանի որ հանձնարարականները նոր են, վերջնական աշխատանքից հետո կարող է գոհ լինել: Դեկտեմբերին ծրագրի հետ կապված նախնական քննարկում ենք ունենալու, եւ այդ ժամանակ կերեւա՝ արդյո՞ք գոհ է կառավարությունը մեր ներկայացրած ծրագրից, թե ոչ:
-Նոր կառավարության ձեւավորումից հետո բարձրացվեց նաեւ մարզպետների փոփոխության հարցը, եւ ինչպես գիտեք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լքեց պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հաջորդը լինելու եք Դուք: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հեռանկարին, պատրաստ եք բաժանվել Ձեր աթոռից:
-Ես նման տեղեկատվություն չունեմ:
–Իսկ եթե Ձեզ այդ տեղեկատվությունը հասնի, չեք նեղանա՞, նեղսրտի՞: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զգուշացրեց՝ նեղանալ, նեղսրտել չկա:
-Իհարկե ոչ, իսկ ո՞վ է ասել, որ մարզպետների պաշտոնները ցմահ են:
զրուցեց Քնար Մանուկյանը