2017-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում սպասվում է երգիչ Հարութ Փամբուկչյանի, նույն ինքը` Ձախ Հարութի մենահամերգը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը` առայժմ հրաժարվելով հստակ ամսաթիվ նշելուց:
«Հարութ Փամբուկչյանի վերջին մեծ մենահամերգը տեղի է ունեցել 2012-ին, կրկին համալիրում, բայց, կարելի է ասել, այն ժողովրդին հասանելի չի եղել, քանի որ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, եւ հենց կազմակերպիչներն էլ բաժանել էին հրավիրատոմսերը. այսինքն` տոմս չէր վաճառվել: Դրանից առաջ` 2008-ին էլ էր Հարութը համերգով հանդես եկել համալիրում, կազմակերպիչները համալիրի սեփականատերերն էին, բայց, կարծում եմ, անշուք մի բան էր ստացվել: Մենք փորձելու ենք իրականացնել բաց, աչք շոյող համերգ, այժմ տարվում են կազմակերպչական աշխատանքներ»,-մեկնաբանեց Խ. Եղոյանը:
Վերջինս նկատեց, որ Ձախ Հարութի ամեն այցը Հայաստան մի իրադարձության է վերածվում նրա երկրպագուների համար. դա խոսում է այն մասին, որ ժամանակն է նրանց հետ մեծ հանդիպում կազմակերպելու. «Սա լինելու է Հարութի կենսագրական հաշվետու համերգը»,-նշեց պրոդյուսերը:
Նրա մտահղացմամբ, ամենայն հավանականությամբ, մենահամերգի խորագիրը կկրի Ձախ Հարութի երգերից մեկի անունը` «My life». «Քննարկվում էր նաեւ «Հարութ եւ ընկերներ» տարբերակը, բայց, կարծում եմ, մեր վերջնական ընտրությունը կանգ կառնի հենց «My life»-ի վրա»,-ասաց Խ. Եղոյանը:
Հարցին, թե արդյոք մենահամերգի տոմսերի գները մատչելի կլինեն, պրոդյուսերը պատասխանեց` այո. «Տոմսերի մինիմալ արժեքը կկազմի շուրջ 3000 դրամ, մաքսիմալը` 20 հազար եւ ավել: Արտերկրի արտիստները գալիս են մեզ մոտ, համերգներ են տալիս, որոնց տոմսերի մինիմալ արժեքը սկսվում է 20 հազարից: Կարծում եմ, որ հայ հանրությունը Հարութի տոմսերն ավելի հաճույքով կգնի»,- նկատեց Խ. Եղոյանը:
Նրա խոսքով` մենահամերգի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները Հայաստանում հնարավոր է ապահովել. «Ինչ-որ զարմանահրաշ շոու չի լինելու, այդ առումով սարեր շուռ չենք տալու: Հարութի դեպքում կարեւորն այն է, որ նա երկու ժամ անընդմեջ հանդես է գալու կենդանի հնչողությամբ»,-շեշտեց պրոդյուսերը:
Մենք հետաքրքրվեցինք` մենահամերգին հատուկ հյուրեր կլինե՞ն, մասնավորապես այն արտիստները, որոնք դուետով հանդես են եկել Ձախ Հարութի հետ. «Մենք, ում հնարավոր է, կհրավիրենք, բայց դրա վրա չենք ֆիքսվում: Այնպիսի տպավորություն թող չլինի, որ ժողովուրդը, օրինակ, Արմենչիկի կամ Սիրուշոյի համար է գնալու համերգին: Հարութը վայելում է ժողովրդի սերը, եւ երկրպագուները, այսպես թե այնպես, կգան նրա հետ հանդիպման»,-պատասխանեց Խ. Եղոյանը՝ հավելելով, որ մենահամերգի ընթացքում լինելու են նոր երգերի պրեմիերաներ, սպասվում են նաեւ այլ անակնկալներ:
Աննա Բաբաջանյան