Ո՞վ է կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դատավորներից որին էլ հետեւեն, մի բան կգտնեն»,- Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին գետնանցումում հազար դոլար կաշառք վերցնելիս ձերբակալելուց հետո նման հայտարարություններով հանդես եկավ հանրության մի լայն շերտ: Սակայն նախօրեին կատարված հերթական բացահայտումը շատերի մոտ կարծիք ձեւավորեց, որ տարիներ շարունակ բոլոր կառավարությունների կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը կյանքի է կոչվում, եւ այլեւս մեկնարկել է «կաշառակերների որսը»:

Այդպես է, թե ոչ, դեռ վաղ է ասել, սա հարցի մյուս կողմն է:
Նախ նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ՕՀ եւ ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ մայոր Արտեմ Մարգարյանը։

«Ժողովուրդ»-ին կատարվածի մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով` կատարվածը ավելի քան երկու շաբաթվա վաղեմություն ունի, իսկ հաղորդում ներկայացրած քաղաքացին վերջերս է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նա դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման եւ նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին, որպեսզի վերջինս վերականգնի ՌԴ-ում իր կորցրած զինգրքույկը: Քաղաքացին մասնավորապես ասել է, որ իրեն այն անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում, եւ խնդրել է փաստաթղթային գործընթացը սեղմ ժամկետներում ավարտին հասցնել:
Ի պատասխան դիմողի խնդրանքին՝ բաժանմունքի պետ Արտեմ Մարգարյանը ասել է, որ դրա համար հավելյալ գումար պետք է վճարի եւ երկու հարյուր դոլար է պահանջել:

Սրանից հետո նշված քաղաքացին որոշել է հաղորդում տալ իրավապահներին` ասելով, որ իրենից կաշառք են պահանջում:
«Ժողովուրդ»-ը Գյումրիում շրջանառվող մասնավոր զրույցներից տեղեկացավ, որ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Արտեմ Մարգարյանին, նրան բնութագրում են որպես հանգիստ բնավորությամբ գործի նվիրյալի, ով աշխատում է այնպիսի բաժնում, որտեղ կաշառք վերցնելու որեւէ տարբերակ չկա: Նա հիմնականում աշխատում է փաստաթղթերի հետ: Ասում են` նույնիսկ հնարավորություն չունի ինչ-որ մեկին բանակից ազատելու գործ անել: Մինչդեռ այս պահին փաստն այն է, որ նրա դեմ հաղորդում կա ներկայացված:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Ա. Մարգարյանը գյումրեցի չէ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Երեւանի բնակիչ է: Նա հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ բան խոսել կատարվածի մասին:

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ըստ քաղաքացու՝ Ա. Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա. Մարգարյանը ձերբակալվել է:
Հարկ ենք համարում նկատել, որ որեւէ տեղեկություն այն մասին, որ պաշտոնյան վերցրել է գումարը, դեռեւս չկա: Խոսվում է միայն գումարը պահանջելու մասին:
Հ.Գ. Գյումրիում տարբեր խոսակցություններ են շրջանառվում կատարվածից հետո: Ըստ այդմ, մարդիկ շեշտում են, որ 200 դոլար կաշառք վերցնելու մասին խոսակցությունները շատերի մոտ զավեշտ են հիշեցրել, քանի որ նրանք դա մանր հանցագործություն են համարում. «Եթե սա շոու չէ, իշխանությունների աչքին երեւալու կեղծ փորձ կամ մանր դեպքերը ուռճացրած վերհանելու նպատակներ չի հետապնդում, ապա ավելի լավ կլինի, եթե անձնագրային գնան. այնտեղ հաստատ բազմաթիվ նման բաներ կհայտնաբերեն»:
Իսկ թե ինչու են գյումրեցիները նման որակումներ տալիս, թերեւս, կիմանան միայն իրենք: Փաստն այն է, որ դեռեւս որեւէ խոշոր կոռուպցիոն դեպք չի հայտնաբերվել:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս