Հանքարդյունաբերողները նվազեցրե՞լ են հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 13.8 տոկոսով ավելացել են: Թվում է, թե այս ցուցանիշը պետք է դրական ազդեցություն թողներ նաեւ այս տարվա 3-րդ եռամսյակի բյուջեի եկամուտների վրա: Սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՀ-ում գործող որոշ հանքարդյունաբերական ընկերություններ կտրուկ նվազեցրել են հարկային վճարումները:

Օրինակ՝ Սյունիքի մարզում գործող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարվա 3-րդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակի նվազեցրել է հարկային վճարումները:Այսպես՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող նշված ընկերությունը այս տարվա 3-րդ եռամսյակում պետբյուջե վճարել է 1 մլրդ 128 մլն 210 հազար 100 դրամ՝ հայտնվելով ցանկի 79-րդ տեղում: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել էին 2 մլրդ 240 մլն 702 հազար 700 դրամ: Այսինքն՝ այս ընկերությունը մեկ տարում ավելի քան 1 մլրդ 112 մլն 492 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

ՀՀ Լոռու մարզում գորշող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը այս տարվա հունվար-սեպտեմբերին ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 356-րդ տեղը եւ պետբյուջե վճարել 237 մլն 844 հազար 600 դրամ հարկ: Իսկ, ահա, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պետբյուջե վճարել է 680 մլն 244 հազար 100 դրամ. այսինքն՝ ավելի քան 442 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Հայաստանյան հանքարդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նույնպես կտրուկ նվազեցրել է հարկերը:

Ընդ որում, այս ընկերությունն իր վճարած հարկերի չափով մշտապես եղել է 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակում, բայց հիմա էականորեն նահանջել է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն իր վճարած հարկերի չափով 2015 թվականի երրորդ եռամսյակում զբաղեցնում էր 2-րդ տեղը, այս տարի հայտնվել է 17-րդ տեղում: Այս տարվա 9 ամիսներին ընկերությունը պետբյուջե վճարել է 5 մլրդ 185 մլն 637 հազար 300 դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության պետբյուջե վճարած հարկերը կազմել են 19 մլրդ 8 մլն 471 հազար 900 դրամ: Այսինքն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 13.9 մլրդ դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը:

Իսկ, ահա, «Թեղուտ» ընկերությունը, ընդհակառակը, շեշտակի ավելացրել է հարկերը՝ մոտ 7.2 մլրդ դրամով: Այս ընկերությունը 2015 թվականի 3-րդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկի 18-րդ հորիզոնականն է զբաղեցրել, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում հայտվել է 6-րդ տեղում: Միտումը նույնն է նաեւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերության դեպքում. այս տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 894 մլն 260 հազար 800 դրամ՝ հայտնվելով ցանկի 101-րդ հորիզոնականում, նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունը մոտ 248 մլն դրամով ավելացրել է հարկերը:

Ինչպես հայտի է՝ Հայաստանից արտահանվող ապրանքատեսականու մեկ երրորդից ավելին կազմում է հենց պղինձը: Այսինքն՝ այդ մետաղի էժանացումը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ երկրի ողջ տնտեսության համար: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյաներով՝ այս տարվա 9 ամիսներին արտահանման ծավալները 19.6 տոկոսով ավելացել են: Ոլորտի պատասխանատուների համոզմամբ, արտահանման ծավալների աճը պայմանավորված է պղնձի խտանյութի արտադրության ծավալների աճով: Նշենք, որ հունվար-սեպտեմբերին Հայաստանում 31.8 տոկոսով ավելացել են պղնձի խտանյութի արտադրության ծավալները:

Լոնդոնի մետաղների բորսայի (LME) տվյալներով՝ նոյեմբերի 4-ի դրությամբ պղնձի գինը սահմանվել է 4943 դոլար՝ 1 տոննայի համար: Ի դեպ, տարեսկզբից պղնձի միջազգային գինը տատանվում է շուրջ 4300-4900 դոլարի սահմաններում: Մինչդեռ 2015 թվականի տարեսկզբին այն տատանվում էր 5000-5500, իսկ 2014-ի տարեսկզբին՝ 7000-7500 դոլարի սահմաններում: Այսինքն՝ երկու տարում պղնձի միջազգային գինը նվազել է շուրջ 3 հազար դոլարով: Միջազգային շուկայում պղնձի գնանկումը դանդաղ տեմպերով սկսվեց դեռեւս 2013 թվականի տարեվերջից եւ 2014-ի մարտին արդեն այն գտնվում էր վերջին 4 տարիների ամենացածր մակարդակում: Ըստ մասնագետների՝ սրանք Հայաստանի համար բացասական ցուցանիշներ են, քանի որ մեր հանրապետության տնտեսության համար պղինձը կենսական նշանակություն ունի:

Այս մետաղի գնանկման հետեւանքով նվազում են արտահանումից ստացվող եկամուտները: Հետեւաբար պակասում են նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները, որոնք էլ նվազեցնում են պետությանը վճարած հարկերի չափը: Այդ ընկերություններից մի քանիսը չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը, հսկայական պարտքեր են կուտակում եւ կրճատումներ անում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս