«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցներ հայ հայտնիների հետ: Հակիրճ, բայց բովանդակալից հարցուպատասխանի միջոցով մենք կբացահայտենք հանրության կողմից ճանաչված անձանց էությանը բնորոշ գծերը, կանդրադառնանք այնպիսի մանրուքների, որոնք կարող էին վրիպել Ձեր աչքից: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանն է:
-Գո՛ռ, Ձեր կյանքի անբաժանելի մասը:
-Ընտանիքը, երաժշտությունը:
-Որտե՞ղ եք գտնում Ձեր խաղաղությունը:
-Ներդաշնակության մեջ:
-Մի բան, որ օրվա ընթացքում պարտադիր անում եք:
-Վերջին շրջանում անգլերեն եմ սովորում, զարգացնում եմ այդ լեզվի իմացությունս:
-Սիրելի խաղը:
-Բիլիարդ շատ եմ սիրել, հիմա ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում խաղալ:
-Հիշողություններ` կապված դպրոցի հետ:
-Մինչեւ 8-րդ դասարանը լավ եմ սովորել, հետո սկսել եմ զբաղվել երաժշտությամբ, եւ ինձ հենց դրանով էին ճանաչում:
–Իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Հեռախոս:
-Մի բան, որի համար ժամանակ չի մնում:
-Երեւի սպորտը: Սիրում եմ մարտարվեստ, լող, բայց երբեւէ չեմ զբաղվել դրանցով, թեեւ ցանկությունս մեծ է:
-Ձեր բնագավառում աշխատելու ամենամեծ բարդությունը:
-Եթե սիրում ես գործդ, բարդությունները հաղթահարելի են:
-Շոուբիզնեսցիների հետ Ձեր հարաբերությունները:
-Շոուբիզնեսյան կյանք, որպես այդպիսին, Հայաստանում չկա, օրինակ` Ռուսաստանում էլ չկա. ըստ իս, կա միայն ԱՄՆ-ում: Իսկ ինչ վերաբերում է երգարվեստի ներկայացուցիչների հետ իմ հարաբերություններին, ասեմ, որ դրանք ո՛չ վատ են, ո՛չ լավ, նորմալ են:
-Ձեր կարիերայի պիկը:
-Դեռ չեմ ունեցել:
-Ստեղծագործական ծրագրերը կապված են Հայաստանի՞, թե՞ դրսի հետ:
-Թե՛ Հայաստանի, թե՛ դրսի:
-Ձեր ուղղորդումը նրան, ով որոշել է զբաղվել ռոքով:
-Եթե իսկապես սիրում են երաժշտությունը, փառքի համար չէ, որ հետաքրքրություն են ցուցաբերում, թող շարունակեն զբաղվել դրանով: Միայն այդ դեպքում նրանք կարող են աշխարհ փոխել:
-Ռոքը ծնվում է, երբ…
-Առհասարակ, չեմ սիրում երաժշտական ժանրերն առանձնացնել. դա կրիտիկների գործն է: Ցանկացած լավ երաժշտություն ապրումների արդյունք է եւ դուրս է բիզնեսից:
-Մարդու մասին դատում եք, ըստ նրա…
-Ըստ նրա պահելաձեւի, արարքների, նաեւ` խոսքի, բայց մեծ մասամբ` գործի:
-Շատ եք հոգնել…
-Ստից ու կեղծիքից:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Որն էլ ականջիս հասել է, բավական զվարճալի է եղել: Բամբասանքն արդեն իսկ ծիծաղելի է:
-Մարդուն չեք օգնի, եթե…
-Նման բան հաստատ չի լինի. եթե կարողանամ օգնել, կօգնեմ:
-Ձեզ ի՞նչ կենդանու կնմանեցնեք:
-Ոչ մի. փորձում եմ մարդ մնալ (ծիծաղում է):
-Ֆոբիա, որ չեք հաղթահարել:
-Ավիաֆոբիա ( կամ` աէրոֆոբիա, վախ թռիչքներից):
-Ձեր քայլերը, եթե դառնայիք երկրի նախագահ…
-Ինքս ինձ գործից կհանեի. թող ամեն մեկն իր գործով զբաղվի:
-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս կբնութագրեք:
-Հավատում եմ Աստծուն, կյանքում ամենաշատը հավատում եմ Քրիստոսին: Շատ դեպքերում զգում եմ նրա ներկայությունը իմ կյանքում:
-Կյանքի իմաստը տեսնում եք…
-Ինձնից հետո ինչ-որ արժեքավոր բան թողնելու մեջ: Չեմ կարծում, որ արդեն ինչ-որ բան թողել եմ, բայց այդ ճանապարհին եմ:
-Ձեզ կարող են երջանկացնել…
-Երեխաները, կենդանիները:
-Երեւանում Ձեր սիրելի վայրը:
-Նախընտրում եմ բնությանը մոտ վայրերը, այգիները, օրինակ` Թումանյանի անվան զբոսայգին եմ շատ սիրում:
-Ափսոսանք` կապված մեր մայրաքաղաքի հետ:
-Դա կապված է հին քաղաքը քանդելու հետ: Կցանկանայի նորը կառուցեին, բայց ոչ հնի հաշվին:
-Որպես քաղաքացի` ակտի՞վ եք, թե՞ պասիվ:
-Ակտիվ չեմ: Չեմ խառնվում ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական հարցերի, որոնք կապված են համակարգի հետ: Ավելի շատ փորձում եմ մոտենալ բնությանը, քան համակարգին:
-Ո՞վ չի կարող դառնալ Ձեր ընկերը:
-Ընկերների հարցում հաշվարկներ չեն անում. ամեն բան ինքնըստինքյան է ստացվում: Ընդհանրապես, ունեմ մի քանի մտերիմ ընկեր, շատերի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ:
-Անարդարության դեմ պայքարի Ձեր ձեւը:
-Արդար ապրելը:
-Կյանքից հարկավոր է հեռանալ այնպես, որ…
-Որ քեզ հիշելով, քո արածը տեսնելով` մարդիկ դրական էմոցիաներ ունենան:
Աննա Բաբաջանյան