ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 71-ամյա բնակչուհի Անահիտ Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված ներկայացրեց, որ ինքը տեւական ժամանակ է, ինչ հրաժարվել է բնական գազից:
Տիկին Անահիտը պնդում է, որ իր գազի հաշվիչը հին է, ինչի պատճառով ծախսը շատ է ցույց տալիս: Վերջինս երկու անգամ դիմել է «Գարզպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գավառի ԳԳՄ, ինչի արդյունքում գազի հաշվիչը երկու անգամ փոխվել է: Բայց, միեւնույն է, ըստ տիկին Անահիտի՝ խնդիրը դրանից չի կարգավորվել: «Երկրորդ անգամ, որ դիմեցի «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գավառի ԳԳՄ, եկան գազի հաշվիչը փոխելու. անցած տարվա մարտին էր, տան մեջ ստուգեցին եւ նոր հաշվիչ տեղադրեցին, ինչի համար էլ 8000 դրամ վճարեցի: Բայց դա էլ ինձ չփրկեց. 24 ժամում կալոնկայի ֆիթիլը 2.5 մետր խորանարդ է գրում: Դա պատկերացնում եք՝ ինչ է: Ես ոչինչ չեմ օգտագործում: Ստիպված երկարացման լարն եմ անջատում»,- «Ժողովուրդ»-ին պատմեց տիկին Անահիտը:
Գավառի 71-ամյա բնակչուհին ստիպված է այս ցուրտ ամիսներին տունը ջեռուցել էլեկտրական սալիկով կամ վառելափայտով: «Հրաժարվել եմ գազօջախ օգտագործելուց. ստիպված բալոնով հեղուկ գազ եմ օգտագործում եւ դրանով եմ կերակուր եփում: Թե չէ գազի հաշվիչն այնպես արագ է վազում, որ չեմ էլ պատրաստվում հետեւել: Սա ոչ թե գազի հաշվիչ է, այլ արագաչափ: Հիմա ինձ ուղղություն ցույց տվեք, թե ինչպես դուրս գամ այս իրավիճակից»,- հետաքրքրվեց 71-ամյա Անահիտ Մելքոնյանը:
Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը, որտեղից խոստացան, որ կուսումնասիրեն խնդիրը: Նաեւ պահանջեցին, որ 71-ամյա բնակչուհին այս խնդրի շուրջ դիմում-բողոք ներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Հուսանք՝ ընկերությունը օպերատիվ լուծում կտա բնակչի բարձրացրած խնդրին:
Ս. Հ.