Տեւական ժամանակ է` դերասան Արեն Վաթյանը էկրաններին չի երեւում: Վերջինս տարիներ առաջ հանդես էր գալիս Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սակայն այժմ թատերական գործունեությամբ զբաղվելու ժամանակ չունի. «Կարոտում եմ թատրոնը, բայց գիտեմ, որ եթե վերադառնամ այնտեղ, կրկին բախվելու եմ ժամանակի սղության խնդրին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արենը:
Նա տեղեկացրեց, որ աշխատում է գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա (սակայն հրաժարվեց այդ մասին մանրամասներ հայտնել), զբաղվում է ֆիլմերի եւ սերիալների կրկնօրինակմամբ: «Ինձ համար ավելի լավ է այդ գործն անեմ, քան նկարահանվեմ երկար ու ձիգ սերիալներում: Ստացել եմ նման նախագծերում հանդես գալու հրավերներ, սակայն մերժել եմ (կհամաձայնեմ նկարահանվել միայն կարճատեւ սերիալում), այդ պատճառով էլ ինձ էկրաններին չեք տեսնում»,- նշեց «Վանա ծովուն արշալույսը», «Այստեղ», «Ադամանդ», «Բանալի», «Հերոստրատ», «Մի վախեցիր», «Մի նայիր հայելու մեջ», «Վրեժխնդրություն» եւ այլ ֆիլմերից հայտնի դերասանը:
Ի դեպ, այս տարի տեղի են ունեցել դերասան-կինոռեժիսորի երկու փաստավավերագական ֆիլմերի («Շախմատիստ» եւ «Մեր անձնագրերը, մեր հոգիները») պրեմիերաները (սցենարի հեղինակը հայրն է` կինոսցենարիստ Արմեն Վաթյանը): Մենք հարցրինք` վավերագրական ժա՞նրն է Արենին առավել հոգեհարազատ, թե՞ գեղարվեստականը. «Ես ռեժիսորի իմ գործունեությունը սկսել եմ գեղարվեստական ֆիլմեր կյանքի կոչելով, հետո անցում եմ կատարել վավերագրականին, ապա կրկին անդրադարձել գեղարվեստականին:
Այս վերջին ժանրն ինձ ավելի հոգեհարազատ է»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Արենը տեղեկացրեց նաեւ, որ որպես ռեժիսոր Հայաստանի ազգային կինոկենտրոնում զբաղված է «Գժուկ» մանկական երգիծական ծրագրի նկարահանումներով:
Աննա Բաբաջանյան