Երեւանում այսօր ամենուր, չնայած հանգստյան օրվան, աշխատանքային եռուզեռ է: Համաքաղաքային շաբաթօրյակը, այլ հիմնարկ-ձեռնարկությունների թվում, ոտքի է հանել Երեւան Ջուր ընկերության աշխատակիցներին: Համակարգի տասնյակ կառույցներում բարեկարգում են տարածքը, հավաքում ու հեռացնում աղբը, կանաչապատում: Ընդ որում, խնդիրը միայն կարգ ու կանոնը չէ: Եթե ջրաղբյուրները, ջրամբարները, անտոտնտեսություններն ու պոմպակայանները ինժեներական առումով միայն ջրամատակարարման համակարգի բաղկացուցիչ մաս են, ապա ջրմուղագործների համար՝ նաեւ աշխատավայր, որին նրանք սովոր են վերաբերվել, ինչպես հարազատ տանը: Այստեղից էլ նրանց սրտացավ վերաբերմունքը գործին ու ցանկությունը շուրջբոլորը տեսնել բարեկարգ ու կանաչապատ, ստեղծել արդյունավետ աշխատելու, կնշանակի նաեւ ապրելու համար, բոլոր հարմարությունները:
Ջրարտադրության ծառայությունը (ՋԱԱԲ տնօրինություն) շարունակում է այն, ինչով որ զբաղված էր վերջին օրերին: Հոկտեմբերի 31-ին տեղացած առատ ձյունը շատ ծառեր տապալեց աղբյուրների սանիտարական գոտիներում, վնասեց էլեկտրահաղորդման գծերը, վտանգեց ջրամատակարարման կայունությունը: Ձեռնարկված միջոցների շնորհիվ, ինչպես հավաստիացրեց ՋԱԱԲ տնօրինություն ՋՍԳ ծառայության պետ Սամվել Սահակյանը, իրավիճակը շտկվեց 2-3 օրում: Սակայն տարածքների բարեկարգման առումով լայն «ճակատ» բացվեց, որտեղ եւ առ այսօր աշխատանքը շարունակվում է: Ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասը շաբաթօրյակի էր իր Օրվա կարգավորիչ ջրամբարներում (ՕԿՋ): Հատկապես մեծ գործ արվեց «Ջամբուլի» ջրամբարում:
Տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը ներկայացրեց. տարածքը բարեկարգվել է, մաքրվել է աղբից, քարերից, մետաղի ջարդոնից, հավաքվել ու հեռացվել է 2 բեռնատար աղբ: Նախկինում սեփական ուժերով կանաչապատված մոտ 300 քառ.մետր տարածքին ավելացել է եւս 100 մետր հարթակ, որտեղ գարնանը ծառատունկ կկատարվի: Իսկ այսօր ծառեր են տնկվելու «Լուկաշին» ՕԿՋ-ում: Մինչդեռ Ընկերության «Աէրացիա» մաքրման կայանի տարածքում ծառատունկն արդեն կատարվում էր: «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրությանը տեղեկացրեց, որ առավոտից բարեկարգվում է կայանի տարածքը, աղբը հեռացվում: Ընդ որում, շնորհիվ նմանօրինակ աշխատանքների շարունակականություն աղբն առանձնապես շատ չի: Ծառատունկն այստեղ նույնպես շարունակական բնույթ է կրում: Վերջին 2 տարիներին անճանաչելիորեն փոխվել է կայանի տարածքը, ամենուր կանաչ է, շատրվաններ ու ծառեր, որոնց թիվն այսօր ավելացավ մի քանի տասնյակով: Իսկ այդ նույն ժամանակ վարչական շրջանների խնդրանքով երեւանցիներին օգնելու համար մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել Երեւան Ջրի էքսկավատորները…
Երեւան Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն