Երեկ սահմանային իրավիճակը, համեմատած մյուս օրերին, լարված էր: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը արկակոծել էր Թալիշն ու Յարըմջան:
Ռազմական ակտիվությունը պահպանվել էր մինչ 15:30-ը, ապա կրկին պահպանվել էր հարաբերական անդորրը:
Այսօր առավոտյան եւս առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով նաև 120 միլիմետրանոց ականանետ:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ` հասկանալու այժմ ինչ իրավիճակ է սահմանում: Վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը, նշեց, որ այժմ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ վիճակում է գտնվում:
Մենք կապ հաստատեցինք նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ` հասկանալու այնտեղ ինչ իրավիճակ է տիրում:
Մեզ հետ զրույցում Այգեպար, Չինարի և Մովսես գյուղի բնակիչները հավաստիացրեցին, որ, թե՛ գիշերը, և թե՛ հիմա իրավիճակը հանգիստ է, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և լարում չեն նկատել:
Նրանք նշեցին, որ կրակոցների ձայներ չկան և հարաբերական հանգիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երկվանից մասշտաբային զորավարժություններ է սկսել, որին մասնակցում է մոտ 60 հազար զինվորական, 50 միավոր ավիացիա, 150 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ինչպես նաեւ` մոտ 700 միավոր հրթիռահրետանային համակարգ:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր Ալիևը հանդիպել է ադրբեջանի առաջնագծի զինվորներին և հակահայական հայտարարություններ արել. «Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա», -ասել է նա:
Իսկ հայկական կողմը այս ֆոնին շարունակում է հայտարարել, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին և ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման:
Լիլիթ Շաբոյան