Բարեփոխելն էլ այդքան հեշտ չէ. գործարարի մտահոգությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը նշեց, որ եթե հնարավորություն ունենա հանդիպելու վարչապետին գործարարների գործունեության հետ կապված առաջարկություններ կներկայացնի: Իսկ թե կոնկրետ ինչ առաջարկություններ ունի, գործարարը չգաղտնազերծեց, փոխարենը ներկայացրեց իր մտահոգությունները:

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին: Վարչապետն անձամբ էր ցանկացել գործարարներից լսել այն խոչընդոտների մասին, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը. «Մենք ինչ պետք է անենք, որ դուք ձեզ զգաք ապահովագրված եւ համարձակ գործ անեք»,-հարցադրում էր արել Կարապետյանը, ապա լսել գործարարներին:

-Պարո՛ն Մանուկյան, մոտ 1,5 ամիս առաջ գործարարները հանդիպել էին նորանշանակ վարչապետի հետ, Դուք ներկա՞ էիք այդ հանդիպմանը:

-Ներկա չեմ եղել:

-Ինչո՞ւ:

-Երկրում չէի, նոր եմ եկել եւ նոր եմ իմացել, որ հանդիպել են վարչապետի հետ:

-Ինչեւէ, վարչապետը գործարարների հետ խոսել է դուխով լինելու, համարձակ գործելու մասին: Դուք դուխով չեք գործո՞ւմ:

-Միշտ էլ դուխով ենք եղել, մենք մեր աշխատանքն ենք անում, դուխի խնդիր չկա:

-2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս հանդիպել էր գործարարների հետ, hավասար մրցակցային դաշտ ստեղծելու խոստումներ էր տվել… Նախկին վարչապետի հետ հանդիպմանը ներկա՞ էիք:

-Այո՛, ներկա եմ եղել:

-Նախորդ վարչապետի դեպքում մենք տեսանք, որ ոչինչ չփոխվեց, ի՞նչ եք կարծում՝ այս անգամ այլ կերպ կլինի՞:

-Եթե մի բանը մի քանի անգամ ասում են, ուրեմն տակը մի բան կա, փոխվելու միտում կա: Գիտեք՝ այսօր իսկապես տնտեսական վիճակը այդքան էլ լավ չի, եւ բարեփոխելն էլ այդքան հեշտ չէ: Իսկ բարեփոխելու համար շատ պետք է այդ մասին ասես, որ մարդկանց մեջ մտնի, դառնա օրվա խնդիր, հաց ուտելու նման մի բան, որ կարողանանք ճիշտ գնալ առաջ:

-Նշեցիք, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը չեք մասնակցել՝ երկրից բացակայելու պատճառով: Իսկ տեղյակ եք Ձեր մյուս գործարար ընկերների՝ նորանշանակ վարչապետին ներկայացված առաջարկություններից եւ, առհասարակ, եթե առիթ լինի վարչապետի հետ հանդիպելու, Դուք ի՞նչ կոնկրետ առաջարկություններ կանեք:

-Տեղյակ չեմ մյուս գործարարներից՝ ով ինչ առաջարկություն է արել, բայց եթե ես առիթ ունենամ, հնարավորություն ունենամ, ես ունեմ առաջարկություններ, որոնք կներկայացնեմ վարչապետին:

-Կոնկրետ ի՞նչ առաջարկություններ, կմանրամասնե՞ք:

-Ես անձամբ իրեն կասեմ, Ձեզ էլ հետո կասեմ անպայման:

-Վարչապետը խոսեց նաեւ բարեխիղճ հարկատու լինելու մասին: Դուք հարկերը ժամանակի՞ն եք վճարել եւ արդյո՞ք բարեխղիճ եք գործել:

-Իհարկե, այո, բարեխիղճ եմ եղել:

-Նոր հարկային օրենսգրքի շուրջ գործարարները բավականին մեծ աղմուկ էին բարձրացրել՝ նշելով, որ դա բիզնեսի կործանմանը տանող փաստաթուղթ է: Իսկ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ այդ օրենսգիրքը որակեց դիվերսիա:
Ուսումնասիրե՞լ եք օրենսգիրքը:

-Գիտեք ինչ, ամեն մի օրենք իր թույլ եւ ուժեղ կողմերը ունի, դեռ նոր օրենքին հասնելուն բավականին ժամանակ կա, դեռեւս խորությամբ չեմ նայել:

-Բայց օրենսգիրքն արդեն ընդունվել է: Այն մասով, որ հասցրել եք ուսումնասիրել, կարո՞ղ եք նշել, թե որոնք են այդ օրենսգրքի ուժեղ ու թույլ կողմերը:

-Ինձ հետոն է հետաքրքրում: Գիտեք՝ ինչպես պետք է նայենք, որ միայն Հայաստանի տարածքում չլինի, այլ ԵՏՄ երկրների եւ այլ երկրների մասով: Հարկային օրենսգիրքը ով գրել է, պետք է շեշտադրումը արվեր մեր հարեւան երկրների օրենքների, հնարավորությունների մասով, որովհետեւ մենք մի օղակի մեջ ենք, մեկ շղթայի մեջ ենք: Եվ հետո ինձ միշտ մտահոգել է, որ չստացվի այնպես, որ հարկային բեռի ավելացումը հնարավորություն տա, որպեսզի մարդիկ այստեղից տեղափոխեն իրենց ակտիվները, սարքավորումները, հնարավորությունները, մարդկային ռեսուրսները, սա է միշտ ինձ մտահոգել հարկային օրենսգրքի մասով: Երբ կողքից հարեւան հանրապետություններին` Իրան, Վրաստան, նայում ես, մտահոգություն կա:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս